29 / Հունվար / 2021 : 22-40

Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական հանցագործություններ. Դեսպան Բալայանի հարցազրույցը Weekblad Elsevier-ին

 

Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը: 

«Եվրոպան փակում է աչքերը»

6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ

1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞

Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»:

2) Ի՞նչ ինկատի ունեք

Տիգրան Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների ու գերեզմանատների սրբապղծման մասին է: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և նրանք իսկ տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը դրանով փորձում է ներկայանալ՝ որպես գերակայող ուժ հոգեբանական պատերազմ մղելով:

3) Ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում

Տիգրան Բալայան. Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա»:

4) Իսկ ինչո՞ւ պետք է Եվրոպան լռեր

Տիգրան Բալայան. «Ըստ ոմանց դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսասատանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել»։

5) Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Եվրոպան

Տիգրան Բալայան. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելը ուժեղ ազդակ կլիներ»:

6) Իսկ Նիդերլանդնե՞րը

Տիգրան Բալայան. «Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է»:

Դիտվել է 14876անգամ
Վերջին լուրեր