Մանրամասներ Նորաշենի դեպքի մասին, երբ մեկուսացման մեջ գտնվող տղային տարել են հոր հուղարկավորությանը

Համաճարակի մեր կորը գտնվում է կառավարելիության տիրույթում, սակայն, եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որը հաճախ տեսնում ենք իրականության մեջ, կարող ենք ունենալ համաճարակի նոր բռնկում:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որը տեղի է ունեցել օրեր առաջ Նորաշեն գյուղում: Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: Դիմումի հիման վրա, մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության՝ նախապես տեղյակ լինելով, որ պետք է պահել հեռավորություն, որոշակի կանոններ:
Նա գնացել է ոստիկանների ուղեկցությամբ, սակայն ի հեճուկս հորդորների պայմանները չեն պահվել և հարազատների հետ, ինչպես սովորական դեպքերում, գրկախառնվել են:
Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշենը մեկուսացնել:
Հասկանալի է, որ պարետատունը ճիշտ որոշում է կայացրել քաղաքացուն ուղեկցելու մասով, սակայն պարզ է, որ ոստիկանությունը չէր կարող ամեն ինչ հսկողության մեջ պահել:
Քաղաքացիներն իրենք պետք է հասկանան իրավիճակի լրջությունը:
Հիմա վարակված հարազատները, Աստված չանի՝ մահվան ելքով:
Ընդհանրապես հարաբերություններ են նաև քանդվում:
Մենք դեպքեր ունենք, որ ազգակցական հարաբերություններ կան, որոնք փլուզվում են: Իրավիճակին լուրջ պետք է վերաբերվել»:
Փաշինյանը հայտնեց, որ մահվան միջին տարիքը 74,6 է. «Մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունների արդյունքում կարող են մահանալ մեր ավագ սերնդի մերձավորները:
Մեր ռազմավարությունն այն է, որ վիրուսին զուգահեռ պետք է ապրենք, սակայն պետք է մեզանից յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին, որպեսզի աղետ չլինի»: