Մեսրոպը կարող էր փրկել սեփական կյանքը, բայց գերադասեց մինչև վերջ մնալ իր զինվորի կողքին ու վերադառնալ եռագույնի մեջ փաթաթված
Շուշիի մատույցներում Մեսրոպն իմանում է, որ քաղաքն արդեն ադրբեջանցիների հսկողության տակ է, բայց ներսում հարյուրավոր զինվորներ ու սպաներ կան շրջափակված: Նա որոշում է տանկով շարժվել դեպի Շուշի:
Նրան ասում են, որ ով փորձել է մոտենալ քաղաքին, հետ չի եկել, բայց Մեսրոպը իր երկու զինվորների հետ շարժվում է Շուշիի ուղղությամբ: Նա առաջին երթի ժամանակ հաջողությամբ հետ է գալիս, շատ է ոգևորվում, որ կարողացել է փրկել մեծ թվով զինծառայողների: Ու երկրորդ անգամ է շարժվում նույն ճանապարհով: Երկրորդ երթը նույնպես հաջող է լինում. ադրբեջանցիները կրակում են, սակայն չեն կարողանում խոցել Մեսրոպի տանկը:
Այս անգամ էլ շրջափակման մեջ ընկած որոշ խմբեր օգտվում են փոխհրաձգությունից ու կարողանում են ճեղքել շրջափակումը: Մեսրոպը որոշում է երրորդ անգամ գրոհել: Ընկերներն ամեն ինչ անում էն, որ հետ պահեն նրան այդ մտքից, բայց չեն կարողանում:
Երբ ադրբեջանցիները խփում են տանկին, Մեսրոպն ու զինվորներից մեկը օդ են թռչում, Մեսրոպը մյուս զինվորին ձեռքով հասկացնում է, որ փախչի, և զինվորը այրվող տանկով վերադառնում է յուրայինների մոտ:
Մեսրոպը զանգում է բժշկին ու ասում, որ իրենք ձորում են, վիրավոր զինվորի վիճակը լավ չէ, նա շտապ բժշկական օգնության կարիք ունի, սակայն ճանապարհը հրթիռակոծվում էր, ու բժիշկը չի կարողանում մոտենալ նրանց: Բժիշկը հորդորում է Մեսրոպին վերադառնալ, սակայն Մեսրոպն ասում է՝ վիրավոր զինվորիս ո՞նց մենակ թողնեմ:
Նա անընդհատ խոսում է բժշկի հետ, նկարագրելով զինվորի վիճակը ու հուսալով, որ կկարողանան մոտենալ ու փրկել զինվորի կյանքը: Հետո նա զանգում է բժշկին ու ասում է, որ զինվորն արդեն չի շնչում:
Բժիշկը խորհուրդ է տալիս Մեսրոպին շտապ վերադառնալ, սակայն նա ասում է, որ այրվածքներ ունի, շատ թույլ է ու չի կարող հաղթահարել բարձունքը...Տանկը խոցվել էր խոր ձորում, ու Մեսրոպը ընկերներին հասնելու համար պիտի կարողանար դուրս գալ ձորից:
Հրամանատարը, ծառայակից ընկերները, բժիշկը անընդհատ զանգում են Մեսրոպին, փորձում են օգնել, սակայն երեկոյան նրանց զանգերը անպատասխան են մնում: Օրեր անց, երբ ադրբեջանցիները թույլ են տալիս փրկարարների փոքրիկ խմբին մտնել Շուշի՝ որոնելու զոհվածների մարմինները, նրանք գտնում են Մեսրոպին՝ իր զինվորի կողքին:
Մեսրոպը մինչև վերջ մնաց իր զինվորի մոտ, վանելով նրանից մահվան սարսափն ու մենակ մահանալու ողբերգությունը: Քանի դեռ նոր էր վիրավորվել, քանի դեռ ուժ ուներ, նա կարող էր փրկել սեփական կյանքը, բայց գերադասեց մինչև վերջ մնալ իր զինվորի կողքին ու վերադառնալ եռագույնի մեջ փաթաթված, զինվորական պատիվներով… Ասես՝ քնած լիներ, դեմքին փոքրիկ այրվածքներ կային ու ինչ-որ ինքնաբավ, գոհ ու հպարտ արտահայտություն: Իսկական հերոս էր...
Վարսուհին լռում է: Կապույտ, լճացած արցունքից փայլող աչքերը նայում են հարցական: Հանկարծ ես հասկանում եմ, որ ժպտում եմ լայնաշուրթ: Չէ, ծիծաղում եմ:
Ես ծիծաղում եմ բոլոր նրանց վրա, ովքեր ասում են, թե մենք պարտվել ենք ադրբեջանցուն, ավելի ճիշտ՝ մի քանի երկրներից եկած բաշիբոզուկների ու Ադրբեջանի օդային գրոհը կառավարող թուրքերի համատեղ հարձակմանը: Ես ծիծաղում եմ՝ հիշելով ահաբեկչական խմբերի ու թուրքական էլիտար ստորաբաժանումների թիկունքից մեզ վախեցնել ցանկացող ադրբեջանական թղթե բռունցքը: Համեմատում եմ հայկական բանակի սպա, տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մեսրոպ Վարդանյանի սխրանքի հետ ու ծիծաղում եմ:
Ակամա, բաց աչքերով ես տեսնում եմ, թե ինչպես են ծածանվում մեր եռագույն դրոշները մեր կորուսյալ հայրենիքի բոլոր ծագերում: Որովհետև այն ռազմատեխնիկական առավելությունները, որ ուներ թշնամին այս պատերազմում, բոլորը կարող են ունենալ, բայց այն, ինչ մենք ունենք, գալիս է մեր հազարամյա ակունքից, որ անհայտությունից պատմության թատերաբեմ իջած ոչ մի քոչվոր չի կարող ունենալ:
Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/83481.html