05 / Փետրվար / 2021 : 10-16

Ինչ որ տեսա հոկտեմբերի 3-ին Մատաղիսում, երբեք չեմ մոռանա. ծնունդով Ջավախքից Անդրանիկ Համբարյան

Ծնունդով Ջավախքից Անդրանիկ Համբարյանը, ով մասնակցել է Արցախյան պատերազմին, անժանացել է «Արիության» և «Փառապանծ մարտիկ» մեդալների։

Անդրանիկը ծնվել է 1996 թվականին, Ախալցիխեի շրջանի Վալե քաղաքում։ Արդեն 12 տարի է, ինչ ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում։ Նա կարևորում է հայ լինելը, անկախ բնակավայրից, լինի Ջավախք, Արցախ թե Հայաստան, որևէ նշանակություն չունի:

Jnews-ի հաղորդմամբ, մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Համբարյանն արժանացել է Արիության մեդալի: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ՀՀ բանակի տոնի առթիվ, նրան զանգահարել է հրամանատարը և հայտնել, որ Արայիկ Հարությունյանի անունից մեդալը պետք է փոխանցի Անդրանիկին։

 

Անդրանիկը, 2020թ-ի սեպտեմբերին լսելով, որ պատերազմ է սկսվել, ժամ առաջ շտապել է Արցախ հասնել։ 

Նա պատմել է, թե ինչպես է իմացել պատերազմի սկսվելու մասին. «Սեպտեմբերի 23-ն էր, ընկերոջս հետ Երևան գնացի, այնտեղ ենք աշխատում։ 27-ի առավոտյան ժամը 7։30 էր, հեռախոսս զանգեց, տեսա եղբայրս է, մտածեցի առավոտ շուտ ինչո՞ւ է զանգում, դեռ չեմ մտել ինտերնետ, պատասխանեցի, ասաց՝ ոտդ Ղարաբաղ չտեսնեմ, կռիվ է սկսվել։ Այդ պահին ասեցի լավ, սպասի կզանգեմ, մտա ինտերնետ և հասկացա, թե ինչ է կատարվում»:

Անդրանիկի եղբայրը՝ Գրիգոր Համբարյանը, Հայոց բանակի սպա է: Այսօր էլ նա շարունակում է հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան գործը:

«Գնացի գործի, չէի կարող աշխատել, ընկերոջս ասացի, որ ես գնում եմ։ Եկանք գյուղ, գյուղում հավաքվել էին 12 հոգի, ասացի եթե գնում եք, ես ձեր հետ գամ, առավոտյան գնացինք Թալինի զինկոմիսարիատ, այնտեղ կամավոր գրանցվեցի», – ասել է Անդրանիկ Համբարյանը:

Որպեսզի հնարավորիս շուտ մեկնի Արցախ, նա զանգում է իր հրամանատարին։ Սեպտեմբերի 29-ին Անդրանիկն արդեն Արցախում էր։ 

Մատաղիս, Հադրութ, Ֆիզուլի… Անդրանիկ Համբարյանը եղբոր հետ կռվել է հանուն հայրենիքի պաշտպանության: Հիշում է Ֆիզուլիում իրենց դիրքը պաշտպանելը.

 

«Ֆիզուլիում թշնամին արդեն հասել էր մեր խրամատ, մեր տղաներից 4-5 հոգի, սկսեցին կրակ բացել նրանց ուղղությամբ։ Իհարկե, մյուս դիրքերի զինվորների օգնությամբ, կարողացանք պահել մեր դիրքը։ Մեր զինվորները շատ լավ կռվեցին, hալալ է նրանց, հալալ է մեր վարորդներին, նրանք գիշերով շատ լավ էին վարում մեքենաները»։

Երկու եղբայրով կռվել են Հադրութում, մի եղբայրը քաղաքի մի հատվածում, մյուս եղբայրը՝ մյուս։ 

Անդրանիկը պատմում է, որ իրենց դիրքի տղաներով այնքան են մտերմացել, որ իրեն մեկ-մեկ թվում է, թե փոքրուց նրանց հետ է մեծացել:

«13 հոգիս հիմա այնպիսի ընկերություն ունենք, կարծես հազար տարվա ծանոթ լինենք, կարծես մանկուց միասին ենք մեծացել։ Ու, որ գիտես, ամեն հարցում մեջքիդ կանգնած են», -ասել է նա:

Մարտի դաշտ մեկնելիս Անդրանիկը երբեք չի մտածել զոհվելու մասին։

«Երբեք չեմ մտածել զոհվելու մասին, որ ասենք գնամ ու կարող է զոհվեմ։ Ինչ որ տեսա հոկտեմբերի 3-ին Մատաղիսում, երբեք չեմ մոռանա։ Գիտակցեցի, թե ինչքան քաղցր է կյանքը։ Լավ է երկու ոտք ու երկու ձեռք չունենաս, բայց ողջ մնաս։

Բայց պետք է գիտակցել, որ թեկուզ հարազատ եղբայդ, հարազատ ընկերդ զոհվի, դու պետք է սառը դատես: Այդքան մահ տեսնելով՝ ավելի ես կատաղում»,- նշել է նա:

Անդրանիկը Ապրիլյան քառօրյայի ժամանակ զինծառայող է եղել։

Ծառայության ընթացքում ևս Անդրանիկը պարգևատրվել է մեդալներով:

Դիտվել է 304128անգամ
Վերջին լուրեր