ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի նահանջի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին ԱՀԿ-ի ճեպազրույցի ընթացքում հայտնել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը, հաղորդվում է կազմակերպության թվիթերյան էջում:
Այս հարցում մեծ դեր են խաղացել համավարակի տարածման դեմ պայքարին ուղղված տարբեր երկրների ջանքերը, որոնց ընթացքում իրազեկվել է հասարակությունը, վերապատրաստվել են բուժաշխատողները, ձեռնարկվել են պատվաստումների արշավներ:
Այն երկրներին, որտեղ վարակակիրների թիվը նվազում է, Կեխովենը հորդորել է շարունակել պահպանել համավարակի տարածման կանխարգելման միջոցառումները և շեշտել, որ մարդիկ նույնպես պետք է շարունակեն պահպանել սոցիալական հեռավորություն, կրեն դիմակներ, մաքրեն ձեռքերն ու անընդհատ օդափոխեն փակ տարածքները:
Շաբաթվա սկզբին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում դեպքերի թվի նվազումը հուշում է, որ վիրուսը հնարավոր է վերահսկել. «Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք կանխել վարակը և կյանքեր փրկել, եթե շարունակենք հետևել հանրային առողջության ապացուցված միջոցներին»: