Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Փետրվար / 2021 : 19-01

«Եղբայրս 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով՝ ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի». Ալիսա Միրզոյանի պատմությունը՝ արցախյան պատերազմում զոհված եղբոր մասին

«Եղբայրս 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Արցախում Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: Կարենը զինվորական կարգապահության ու պատրաստվածության համար արժանացավ սերժանտի կոչման: Ընկերասեր էր, բարի, նեղացկոտ չէր, հումորով էր ու դուխով։ Սիրում էր ճամփորդել։

Եղբորս երազանքներն ու նպատակները շատ էին… որոշել էր բանակից գալ, և ընկերներով պիտի գնային արտերկիր: Ասում էր՝ գնամ աշխատեմ ավտոմեքենա գնեմ, ամուսնանամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի քույրը՝ Ալիսա Միրզոյանը:

Կարեն Արթուրի Միրզոյանը ծնվել է 2000թ. Ագարակ քաղաքում:

Կարենի քույրն ասում է. «Եղբայրս մեզ ոչինչ չէր ասում, մեր հարցերին ի պատասխան՝ միշտ ասում էր, որ հանգիստ է, լավ է լինելու… ինքը հասկացող էր ու հարմարվող»:

 

20-ամյա զինծառայողը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է պատերազմական գործողություններին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները: Մարտական գործողություններին մասնակցել է տարբեր ուղղություններով՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, ապա Շուշի: Կարեն Միրզոյանը զոհվել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին։

Ալիսան պատմում է, որ եղբոր հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 7-ի առավոտյան, հետո օրվա ընթացքում մի քանի անգամ փորձել են Կարենի հետ կապ հաստատել, բայց հեռախոսը անհասանելի է դարձել:

 

«Մեզ ոչինչ չեր ասում, միայն հայրիկիս էր ասում, որ Հադրութ-Ֆիզուլի հատվածում 25 օր կռվել է: Հայրիկիս ասել է՝ մեզ վրա կարկուտ է թափվում, հետո տեղափոխվել են Քարինտակ և մի քանի օր կռիվ են տվել: Մի գիշեր նկատելով թուրքերին, որ մոտենում են իրենց 100-200 հոգով՝ փախուստի են դիմել, որպեսզի գերի չընկնեին, այդտեղից տեղափոխվում են Շուշիի մատույցներ, 2 օր կռիվ տալուց հետո՝ նոյեմբերի 7-ին, ընկել են շրջափակման մեջ: Եղբայրս 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով, ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի»:

Միրզոյանների ընտանիքում ևս կյանքը բաժանվեց մինչ պատերազմը և պատերազմից հետո փուլերի: Կարենի քույրն ասում է՝ պատերազմից առաջ կյանքը լավ էր, իսկ հիմա՞… ամեն ինչ փոխվել է, ու դժվար չէ հասկանալը, որ էլ առաջվանը չի լինելու:

Ալիսան ասում է՝ ցավն ու հպարտությունը մեր կյանքում իրար կողք կողքի քայլում են:

Դիտվել է 252369անգամ
Վերջին լուրեր