Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն: Այս մասին հայտնել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Քիչ առաջ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են:
Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:
Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում (առօրյա խոսակցականում՝ морг) է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է: