Արտակ Թովմասյանը Իոսիֆ Կոբզոնի որդեգրված երեխա՞ն է. ինչն է իրականում կապում արտիստի այրիին և հայ գործարարին

«Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթում օրեր առաջ հոդված էր հրապարակվել «Իոսիֆ Կոբզոնի կինը թաքցրել է իրենց որդեգրած երեխային» վերնագրով։
Մասնավորապես, նշվում էր, որ Իոսիֆ և Նինել Կոբզոնը, բացի սեփական երեխաներից՝ Անդրեյից և Իրինայից, ունեցել են նաև որդեգրված երեխա, որին թաքցրել են առնվազն 40 տարի։ Թերթը նշում է, որ այս մասին տեղեկությունը պարզ դարձավ այն բանից հետո, երբ լրագրողները Նինելին տեսել են սպիտակահեր մի տղամարդու հետ ու ենթադրել,որ վերջինս Նինել Կոբզոնի նոր ընտրյալն է։ Ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար էլ Կոբզոնի այրին որոշել է պատմել, թե իրականում ո՞վ է այդ տղամարդը։
«Նա իմ և Իոսիֆի որդեգրած երեխան է։ Մենք նրան ընդունեցինք, երբ դեռ երեխա էր, նա Հայաստանից է։ Երբ նա գալիս է Մոսկվա, մենք ընտանիքով փորձում ենք հանդիպել ու ժամանակ անցկացնել նրա հետ»,- ասվում է «Կոմսոմոլսկայա Պրավդայի» հոդվածում։

Հետաքրքիրն այն է, որ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լուսանկարում պատկերված տղամարդը հայազգի գործարար, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, վերջերս քաղաքականությամբ զբաղվելու պատրաստակամության մասին հայտարարած, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն է։ Հայտնի է, որ Թովմասյանը բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել Իոսիֆ Կոբզոնի հետ։

ArmDaily.am-ը դիմեց գործարարի գրասենյակ։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ։
«Ռուսական և միջազգային մամուլում տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը, սակայն ուզում ենք առանձնահատուկ կերպով նշել, որ Կոբզոնների և Թովմասյանների ընտանիքների բարեկամության պատմությունն ունի արդեն 30-ից ավելի տարվա տևականություն, և շփումները շարունակվում են նույն ջերմությամբ և ինտենսիվությամբ, ինչպիսին եղել են Իոսիֆ Կոբզոնի կենդանության տարիներին»,- ասացին մեզ Արտակ Թովմասյանի գրասենյակից։