Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 10-13

Այդ օրից անցել է 33 տարի․ Արցախն ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:

Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:

Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:

Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»:

Դիտվել է 7230անգամ
Վերջին լուրեր