22 / Փետրվար / 2021 : 15-34

Պատերազմի ընթացքում մոռանում ես ինքդ քեզ․ ապագա վիրաբույժ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմի ընթացքում մոռանում ես ինքդ քեզ

Պատերազմի դժվարին օրերին սպիտակ բանակն ամուր կանգնած էր հայրենիքի պաշտպանների կողքին: Նրանց շարքերում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբեն Թորոսյանը, որը պատերազմի ընթացքում որպես վիրաբույժ կամավոր աշխատանք է կատարել Երևանի կայազորային հոսպիտալում:

«Մեզ մոտ կային ինչպես հետվիրահատական շրջան անցնող զինվորներ, կամավորներ, այնպես էլ ծանր վնասվածք ունեցող և պատերազմի դաշտում լուրջ վիրավորում ստացած անհատներ: Վիրավորների հոսքը շատ մեծ էր: Երբեմն առավոտից մինչ ուշ գիշեր եղել եմ հոսպիտալում: Կորոնավիրուսով վարակվելուց և լավանալուց հետո սկսեցի աշխատել կորոնավիրուսով հիվանդ վիրավորիների հետ»,-պատմում է ապագա վիրաբույժը:

Ռուբեն Թորոսյանի խոսքով՝ խաղաղ պայմաններում անհոգությունը համար մեկ ընկերն է բժշկի համար. «Տեխնիկապես հագեցած այս դարում, որտեղ դու կարող ես նախօրոք հետազոտել և բացահայտել ցանկացած խնդիր, տեսնել որևիցե բարդություն, դժվար է լինել այնքան զգոն, երբ շուրջդ ուղղակի քաոս է: Երբ դուրս ես գալիս մարդկային կարողությունների սահմանից, անում՝ անհնարինը, օրվա վերջում է միայն, որ հասկանում ես հոգնածությանդ աստիճանը»:

 

Պատերազմի ընթացքում, ապագա վիրաբույժը, սովորել է մոռանալ ինքն իրեն: «Երբ կարիք է լինում օգնել, սովորում ես ապրել անկախ ամեն ինչից, թեև դժվար է ու ցավալի ամեն մի վիրավորի և պացիենտի հետ վերապրել իր ցավն ու հոգու դառնությունը, բայց միայն այդպես կարող ես մարդ մնալ: Վիրահատարանում զգացմունքները թշնամի են բժշկի համար, բայց դրանք չի կարելի դեն նետել, պարզապես վիրահատարան մտնելիս ամեն անգամ հանել ու հագնել է պետք: Սա ամենակարևորն էր, որ սովորեցի»:

Ռուբեն Թորոսյանը հանգամանքների բերումով է որոշում կայացրել դառնալ բժիշկ: «Որոշմանս համար հարազատ եղբորս մահն է ազդեցություն ունեցել: Երբ նա մահացավ սրտի արատից, որոշեցի «վրեժ» լուծել հիվանդությունից, և միակ տարբերակը բժիշկ դառնալն էր: Նեղ մասնագիտություն ընտրել եմ վիրաբուժությունը, որովհետև այդքան տարի համալսարանում սովորելուց հետո հասկացա, որ կուզեմ ձեռքերս ևս օգտագործել բժշկության մեջ, դրա համար նախապատվությունը տվեցի վիրաբուժությանը, այլ ոչ թե թերապիային»,-նշում է ԵՊԲՀ սովորողը:

Խոսելով բժշկին բնորոշ կարևոր հատկանիշների մասին՝ Ռուբենը շեշտում է, որ բժշկին նախ և առաջ անհրաժեշտ է լինել մարդ. «Երկար ժամանակ արյան ու վերքի հետ շփվելով, բժիշկները շատ հաճախ կորցնում են այդ հատկանիշը և պացիենտին սկսում են վերաբերվել որպես օբյեկտ, այլ ոչ թե էմոցիաներով, անցյալով ու ապրումներով լի մի մարդու, որն ունի իր կյանքի պատմությունը, իր փորձը, արժանիքներն ու առավելությունները: Բժիշկը պետք է ունենա սեր մարդու նկատմամբ, առանց այս հատկանիշի բժիշկը նմանվում է սովորական սպասարկման ոլորտի աշխատողի, որտեղ բժիշկը վաճառողն է, իսկ վաճառասեղանին դրված է առողջությունը»,-անկեղծանալով իր խոսքն ամփոփում է ապագա մասնագետը:

Դիտվել է 8566անգամ
Վերջին լուրեր