22 / Փետրվար / 2021 : 20-37

Կինը եւ չորս երեխաները մեզ են խմել կորոնավիրուսից պաշտպանվելու հույսով

Մեծ Բրիտանիայում կինը եւ նրա չորս երեխաները խմել են սեփական մեզը կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանվելու հույսով: Նրա խոսքով՝ մեզի «պաշտպանական հատկությունների» վերաբերյալ տեսանյութն իրեն ուղարկել են WhatsApp-ով, փոխանցում է med.news-ը։

Կինը, ում անունը չի հաղորդվում, եւ նրա չորս երեխաները 4 օր մեզ են խմել, որի մեջ իրականում մեծ քանակությամբ տոքսիններ են պարունակվում, հայտնում է Newsweek.com-ը: Կնոջ խոսքով՝ ինքը չի վստահում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին եւ նախընտրում է հույսը դնել «բուժման ավանդական մեթոդների» վրա:

Այս դեպքը եւս մեկ անգամ հաստատում է քաղաքական գործիչների եւ ամբողջ աշխարհի առողջապահության ոլորտի մասնագետների մտավախություններն այն կապակցությամբ, որ տարածվող կեղծ տեղեկությունները կարող են ազդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածման եւ մարդկանց՝ պատվաստվելու կամ չպատվաստվելու որոշման վրա:

 

Բրիտանացի բժիշկների հետ զրույցում այս կինը հայտնել է, որ, իր կարծիքով, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան են ստեղծում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը կարող է վտանգավոր լինել իր եւ իր ընտանիքի համար:

Նշենք, որ Բիլ Գեյթսը եւ նրա ընկերությունները չեն զբաղվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակմամբ, իսկ գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք մշակվում են աշխարհի տարբեր երկրներում, իրենց անվտանգությունն ապացուցել են հետազոտություններում:

Դիտվել է 25714անգամ
Վերջին լուրեր