«Իսկանդերը եղել է մարտունակ. ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել». Մովսես Հակոբյան
«Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետև ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել, որովհետև դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետև ես գիտեմ, որ կրակել են հակառակորդի վրա»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մարտունակությանն առնչվող հայտարարությանը:
«Վստահ եմ, որ մարտունակ է եղել «Իսկանդերը»: Լավ կլինի՝ բանակից չխոսի մարդ, ով գիտելիքներ չունի:
Ինքն ընդհանրապես զինվորական գործից գաղափար չունի և ինչքան խոսի, այդքան սխալներ է թույլ տալիս:
Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի և առհասարակ չգիտի՝ ինչ է նշանակում բանակի բարեփոխում:
Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ տալը բանակի բարեփոխում չէ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, ասել է.
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»: