ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է արձանագրվել, 42-ը մեկուսացված են. Մանրամասնում է փոխնախարարը

Ցավոք սրտի պետք է նշեմ, որ վարակվածներ ունենք նաև ԱԻՆ-ում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«ԱԻՆ-ում վարակի տարածման վտանգներն էլ ավելի մեծ են, քանի որ մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր: Այս պահին մենք արդեն պլանավորում ենք, թե ինչպես պետք է վերաբաշխենք ուժերը վարակի տարածմանը և այլ արտակարգ դեպքերի թվի մեծացմանը զուգահեռ»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ մինչ այս պահն ԱԻՆ-ում ունեցել են վարակվելու 5 դեպք, որից 3-ը գտնվում են բուժման ընթացքում, 2-ն ապաքինվել են. «Վարակվածների հետ շփում ունեցած ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Նրանց թիվը հասնում է 42-ի: Հիմա վարակվածների բուժմանն ու կոնտակտավորների մեկուսացմանը զուգահեռ պետք է կարողանանք կազմակերպել մեր աշխատանքները, որպեսզի մատուցվող ծառայությունները չտուժեն»: