Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդես է եկել հայտարարությամբ
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։
Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին:
Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը։
Ելնելով ստեղծված պատմական անհրաժեշտությունից՝ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։
Միաժամանակ իմ հորդորն ու կոչն եմ ուղղում ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։
Պատիվ ունեմ»:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան