11 / Մարտ / 2021 : 00-12

«Գորիսը պատերազմի ընթացքում ինչ կարողացել և ինչքան կարողացել, արել է». Ժորա Ալեքսանյան

Սյունիքի մարզի, մասնավորապես Գորիսի հյուրանոցային ոլորտի և մարզային հարակից հարցերի մասին Yelaket.am-ի թղթակիցը զրուցել է մարզի հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչ Ժորա Ալեքսանյանի հետ:


Yelaket.am- Պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում Սյունիքի մարզում բիզնես գործունեությունը էապես տուժել է, այդ թվում` հյուրանոցային ոլորտը, որի ներկայացուցիչն եք նաև Դուք, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց այդ ամենը:

Ժորա Ալեքսանյան - Ամենասկզբից մեր գործունեությանը խանգարեց համաշխարհային համավարակը, այնքանով ազդեց, որ  հանգստի շրջանում  այցելուներ չունեցավ հյուրանոցը: Հետո սկսվեց պատերազմը:


Հետո սկսվեց պատերազմը: Քանի որ հյուրանոցը ճանապարհին ավելի  մոտ  է, մարդիկ կանգ էին առնում հենց այստեղ: Հենց առաջին օրը` սեպտեմբերի 27-ի  կեսօրին հյուրանոցում արդեն տեղ չկար, մոտ 124 հոգի էինք հյուրընկալել: Զբոսաշրջությամբ զբաղվով ձեռնարկությունների միություն ՀԿ  ունենք , ՀԿ-ի միջոցով նորից դիմեցինք կառավարությանը, որ պատրաստ ենք փախստականներին  ընդունելու: Առաջին վեց-յոթ օրը իշխանությունները չէին հասցնում սննդի հարցը լուծել: Գորիսը կարելի էր համեմատել Արցախի հետ, պատերազմի ազղդեցությունը այստեղ  անմիջապես նկատելի էր, և այդ ծանրաբեռնվածության պայմաններում յուրաքանչյուրս իր գործը կատարում էր, քաղաքապետարանը իր ողջ  ուժը  ներդնում, անգամ ունեինք շտապօգնության նոր մեքենաներ, բայց վարորդներ չէինք կարողանում գտնել, որ հանեն հիվանդներին կամ զոհերի մարմիններհ բերեին:


Յոթ-ութ օր սնունդը մենք էինք հասցնում, իհարկե հետո էլ պատրաստ էինք սնունդով ապահովելու, բայց Հայաստանի տարբեր շրջաններից բավականին օգնություն հասավ Գորիս, և վիճակը ավելի կարգավորվեց: Մեր հյուրանոցը ունի 140 սենյակ,  և մենք մոտավորապես 140 հոգու  տեղավորել էինք 120 սենյակներում, մնացած սենյակներում զինվորականներ էին, բժիշկներ…առանց հուզվելու հնարավոր չի նկարագրել այդ բոլորը, պարզապես ողբերգություն էր…


Yelaket.am - Մոտավորապես ի՞նչ միջոցներ եք ներդրել այդ ժամանակ:


Ժորա Ալեքսանյան- Եթե հաղթանակ տանեինք, կսկսեինք իրար գովել, լավը ներկյացնել, բայց մեր արածը պատերազմի պարտության հետ խամրեց, մենք էլ պարտվեցինք իշխանությունների հետ միասին… Մեր հյուրանոցում մարդիկ մոտ վաթսուն օր մնացին, այդ բոլոր օրերի օգտագործած գազի համար վճարեց պետությունը:
Հյուրանոցը պատերազմից հետո պարտքեր շատ ունի, վերանորոգման կարիք ունի, դիմել ենք կառավարությանը, բայց դե անհույս ենք, ժողովրդի հետ միասին «վայելում» ենք մեր վիճակը, ինչ կարող եմ ասել:

Yelaket.am - Իսկ հիմա ի՞նչ վիճակ է հյուրանոցային ոլորտում, սահմանների մոտեցման պատճառով այցելուները չե՞ն նվազել:


Ժորա Ալեքսանյան- Մի տասը-տասնհինգ հոգի օրերս Երևանից պիտի գային մեզ մոտ հանգստանալու,  բայց լսելով , որ Որոտանում թուրքերը խրամատներ են քանդել , չեկան: Հիմա որտե՞ղ խրամատներ չկան, Երևանում խրամատը ուրիշ ձև են ընկալում, Գորիսում `ուրիշ ձև: Թուրքը վախից է խրամատ քանդում, մենք անհանգստանալու բան չունենք: Լրատվական միջոցների տարածած թե կեղծ, թե ճիշտ լուրերը իհարկե իրենց ազդեցությունը թողնում են, մարդիկ մտածում են խրամատի տեղը թնդանոթ է դրած ու չեն գալիս:
Այս անտերությունը հիասթափեցնող ու հուսահատեցնող է: Ժողովուրդը հիասթափված է, զզված է, կարևոր չի ումից: Թուրքից այստեղ վախեցող չկա, ոչ մեկը այստեղ թուրքից չի վախենում, բայց վիճելի շատ հարցեր կան սահմանների հետ կապված, բայց անտերություն է, կառավարությունից մարդ չկա: Թուրքի գեներալը գալիս մեր չոբանի հետ սահման է որոշում, Անդրանիկ Քոչարյանը ասում է `դա մեր գործը չի,  դա ԱԱԾ-ի գործն է: Ես հարյուր նման  հարց ունեմ իրենց տալու: Թուրքի մասին մենք չենք մտածում, թուրքն ո՞վ է որ, բայց որ անտեր ենք, դա փաստ է:


Yelaket.am - Քաղաքապետ Առուշ Առուշանյանը փորձու՞մ է աջակցել ձեզ:


Ժորա Ալեքսանյան - Մեզ համար հասարակ քաղաքացու և քաղաքապետի տարբերությունը շատ քիչ է, բալորս էլ հավասար  նվիրված ենք: Երբ նահանջելով եկանք հասանք Խնձորեսկ` այդ պահին միայն համայնքի ղեկավարն էր, մենակ ժողովուրդն էր, պետություն գոյություն չուներ: Չգիտեինք կռվելո՞ւ ենք, ի՞նչ ենք անելու :


Ինձ հարցրին, թե ինչու  է քաղաքապետը կազմակերպում , որ Փաշինյանը Գորիս չմտնի. բացատրում եմ, որ Գորիսում երբեք թուրք չի եղել, չի ապրել, և քաղաքապետը գորիսցիների առաջ պատասխանատվություն ունի, նրանց  պատասխան է տալու:
Գորիսի հոգսերը քաղաքի հոգսերի նման չեն: Եթե նորմալ պետություն է, իրականությունը պիտի իմանա, Գորիսը պատերազմի ընթացքում ինչ կարողացել և ինչքան կարողացել արել է, և շնորհակալության փոխարեն որոշ լրատվամիջոցներ մեզ կերան, մորթեցին, իշխանություններն էլ փորձեցին մեր քաղաքապետին բանտարկել, ինչ է`  ճիշտն է խոսել: Մեր քաղաքապետը չէր կարող չխոսել, ժողովուրդը կմորթեր իրեն: Այստեղի ժողովուրդը առանձնահատուկ է, թե' ծառայելու, և թե' հայրենիքը պաշտպանելու առումով:


Yelaket.am - Սյունիքի մարզի մասին այս օրերին առհասարակ շատ են գրում, իրականում ինչ վիճակ է հիմա այդտեղ, պարոն Ալեքսանյան:

Ժորա Ալեքսանյան - Մեզ համար վտանգը մեր անտերությունն է: Հիմա իշխանական լրատվամիջոցները մեր հոգսերի մասին  կարծես ծիծաղելով են գրում: Խրամատները նոր ենք քանդել,  զինվորը մրսում է, շատ-շատ հոգսեր ունենք, բայց պետություն չկա, և անգամ բանակի կողքին չի, ոչինչ չի անում սահմանների համար: Թուրքը քսան զինվորի համար մեծ պալատկաներ, դոմիկներ է դրել, թուրքը որտեղ է հերթապահում ,իսկ մենք` որտեղ: Բանակը կազմակերպել  է, բուտկաներ է դրել, բայց որ թուրքը հեռադիտակով կամ կողքից նայի, թե խիղճ ունեցավ, կասի` մեղք են սրանք: Պետությունը ոչ մի հարցում չի օգնում սահմանին:


Շուռնուխում տասներկու տուն են ուզում սարքել, լավ են անում, շնորհակալ ենք, բայց կարևորը հոգատարությունն է, մեկ էլ այն, որ փոխնախարարը չգիտի Խնձորեսկը որտեղ է:
Ասել են, թե Ռուսաստանից սերմեր պիտի բերեն , որ ցանենք, բայց մեր ցանքի ժամանակը մոտենում է, իսկ Ռուսաստանում հայտարարությունը դեռ նոր են տվել: Հենց այդքան էլ արհամարհված ենք: Մենք  մի հիսուն-վաթսուն հազար ժողովուրդ ենք, և այս ժողովրդի կամքը կատարող տղան` Առուշը,  Փաշինյանի համար ընդդիմություն է: Մի քանի միրուքավոր պատգամավորներ կան, թող գան Գորիսում հավաքվենք , հարցեր տանք, իրար օգնենք:


Yelaket.am- Իսկ Ձեր ոլորտի` հյուրնացների մասով դիմե՞լ եք պետությանը:


Ժորա Ալեքսանյան- Հկ-ի միջոցով դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն: Մոտ 400 մլն վարկ ունենք հյուրանոցներով վերցրած, սկսվեց համաճարակը, հետո պատերազմը: Վարկերը փակել չենք կարողանում:
Գորիսում հյուրանոցային մոտ երկու հազար տեղ կա, բայց պատերազմի ժամանակ  Գորիսի ամբողջ ժողովուրդը Արցախից մոտ չորս- հինգ  հազար հոգի մարդ է  ընդունել:
Հիմա հուսով ենք , որ դարձայալ հյուրանոցները կսկսեն աշխատել, և եկողներ կլինեն:
Կարծես թե իշխանությունները իրենց սուտ լուրերով  ամեն ինչ անում են, որ հանգստացողները չգան:

Գ.Գ.

Դիտվել է 96380անգամ
Վերջին լուրեր