Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 դեպք, որոնցից 523-ն` առողջացած, 20-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։
Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 705 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 11796 թեստավորում:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով
ՀՀ Առողջապահության նախարարություն