Հուսով եմ՝ 30 գերի հետ կվերադառնա․անհետ կորածի հարազատը մանրամասներ է պատմում նախարարի հետ ունեցած հանդիպումից
Անհետ կորած զինծառայողների հարազատները նախօրեին հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ եւ որոշվել է, որ այսօր՝ մարտի 12-ին, պատվիրակություն է մեկնելու է Արցախ՝ գերիների հետ կապված գործընթացի իրականացման համար։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
«Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, խոստացել են, որ ամեն ինչ իր հունով գնալու է։ Աստված չանի նորից ինչ-որ խոչընդոտ ստեղծեն, այն ժամանակ ավելի մեծ խնդիրներ կունենան։ Այդ քննարկմանը խոստացել են նաեւ, որ շատ արագ, փուլ առ փուլ մեր զինծառայողներին, որոնք Արցախում են գտնվում, բոլորին տեղափոխելու են Հայաստան։ Դրա համար էլ վաղը մեկնում եմ Արցախ՝ հասկանամ, թե ինչ է կատարվում, կարծում եմ այնտեղ էլ հանդիպումներ կլինեն եւ դրանց արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնեմ»,- ասաց Արսեն Ղուկասյանը՝ հավելելով․
«Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն անձամբ ներկա չեմ եղել, բայց մյուս տղաները գնացել են ու այն հարցերը, որոնք մեզ հետաքրքրում էին՝ տվել են ու պատասխանները ստացել։ Չեմ ուզում առաջ ընկնել, բայց Աստված տա այսօրվա մեր հանդիպումը արդյունք ունենա, ու էդ որ ասում էին՝ նախնական պայմանավորվածություն կա, որ 30 գերի հետ կվերադառնա, հուսով եմ, որ դա կլինի։ Գոնե կիմանանք, որ 30 տան մեջ ուրախություն է մտնելու»։
Նշենք, որ Արսեն Ղուկասյանը ավտոմեքենայով փակել էր ՊՆ շենքի մուտքը եւ կոչ արել անհետ կորած զինծառայողների ծնողներին ավտոմեքենաներով հասնել ՊՆ ու փակել ՊՆ-ի բոլոր մուտքերը: