Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մարտ / 2021 : 15-48

«Սյունիքի​ սահմանամերձ բնակավայրերում պետք է ցուցաբերել պետական առանցքային մոտեցում». Արթուր Խոջաբաղյան

Գորիսի տուրիզմի և հյուրանոցային ոլորտի շուրջ Yelaket.am-ի թղթակիցը զրուցել է «Գորիսի զարգացման ակումբի» համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանի հետ:

Yelaket.am - Պարոն Խոջաբաղյան, ներկայացրեք, խնդրեմ, պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում և հատկապես Գորիս քաղաքում, որտեղ բնակվում եք Դուք:

Արթուր Խոջաբաղյան- Ընդհանուր հայ հասարակությունը հուսահատության հարված ստացավ, իսկ սահմանամերձ բնակավայրերի ժողովուրդը հայտնվեց​ լրիվ այլ իրականության մեջ, եթե առաջ կարող էին հանգիստ գնալ-գալ իրենց հողատարածքներ, արածեցնել իրենց անասուններին, ապա այժմ չեն կարող: Եվ հետո , կա նաև անվտանգության խնդիրը. մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, որովհետև իրենց դիմաց թուրքական դիրքերն են: Այս ամենը բավական է, որ մարդկանց մոտ առաջանա հուսահատություն, անգամ արտագաղթելու ցանկություն:

Yelaket.am - Ըստ Ձեզ` ՀՀ կառավարությունն այս դեպքում ի՞նչ անելիք ունի:

Արթուր Խոջաբաղյան - Սյունիքի​ սահմանամերձ բնակավայրերում պետք է ցուցաբերել պետական առանցքային մոտեցում, որպեսզի մարդիկ գոնե տնտեսական առումով իրենց կյանքում որակային փոփոխություն տեսնեն ու հասկանան , որ իրենց թիկունքում պետություն կա կանգնած, բայց այդ հանգամանքը կարծես թե թույլ է, ամեն դեպքում՝ պրոցեսները դանդաղ են եւ գոհացուցիչ չեն: Առաջին քայլը, որ կատարեցին, սահմանամերձ​ բնակավայրերի կարգավիճակ ստանալն էր, որը հիմնականում​ կոմունալ ծառայությունների վճարին էր վերաբերում, որով գումարը կիսվում էր:

Yelaket.am - Պատերազմի արդյունքում Քաշաթաղը հայտնվեց թշնամու վերահսկողության տակ, դա, բացի ռազմական գործոնին, ուրիշ ինչ վտանգ է պարունակում:

​ Արթուր Խոջաբաղյան- Զբոսաշրջության ոլորտը բավականին խոցելի է դարձել, հասկանալի է, որ այդ խնդիրը լուրջ է թե՛ Արցախում, թե՛ Գորիսում` անվտանգության տեսանկյունից:
Անվտանգության ռազմական գոտի շահարկումները , թեկուզ քաղաքական առումով, ուղիղ ազդեցություն են թողնում​ զբոսաշրջության զարգացման վրա: Եվ նման դեպքեր եղել են, երբ որոշ տնտեսվարողներ ունեցել են պատվերներ ոլորտում, բայց սահմանի անվտանգության հետ կապված ինչ-որ խնդիր է բարձրացվել​ և դրա պատճառով մարդիկ պարզապես իրենց պատվերները չեղարկել են:
Բայց ես կցանկանայի`​ մենք հստակ ամրագրենք, որ​ զբոսաշրջիկների համար​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ անվտանգության տեսանկյունից ոչինչ չի փոխվել, և տարածքը զբոսաշրջության համար անվտանգ է, վերջիվերջո մոտ 150 հազար մարդ է ապրում Սյունիքում, ու զբոսաշրջիկը պետք է չանհանգստանա, հանգիստ այցելի զբոսաշրջային վայրեր: Ներկա դրությամբ սա նաեւ կդիտվի աջակցություն Սյունիքի եւ Արցախի բնակչությանը։

Yelaket.am - Ի՞նչ վիճակ է տիրում զբասաշրջության ոլորտում:

Արթուր Խոջաբաղյան - Գորիսում կա Զբոսաշրջային​ ձեռնարկությունների միություն, որը պաշտոնապես​ ստեղծել ենք անցած տարի` մարտ ամսին, բայց ոլորտում տնտեսվարողները շուրջ երեք տարի է սկսել են այդ​ կոնսոլիդացիոն պրոցեսները: Միության ստեղծումը համընկավ համավարակի տարածման հետ , և ոլորտը միանգամից լուրջ խնդիրների առաջ կանգնեց: Այդ ժամանակ պետական մոտեցում եղավ `վարկային քաղաքականությամբ, և առաջարկ եղավ վարկերի մարումը մինչև սեպտեմբեր ամիսը հետաձգել:​ ​ Մեր միությունը պետական կառույցներին նույնպես առաջարկով հանդես եկավ, փորձեց գտնել լուծումներ,​ որ զբոսաշրջության ոլորտը շատ չտուժի:
Ամռանը ոլորտը շատ քիչ, բայց աշխատեց ներքին տուրիզմի հաշվին, բայց սկսվեց պատերազմը:

Yelaket.am - Պատմեք նաև պատերազմի շրջանի ու դրա հետևանքների մասին

Արթուր Խոջաբաղյան - Առաջին օրերին մոտ 15-20 հազար մարդ անցել է Գորիսով, որի մեծ մասը Գորիսում է մնացել` երկար կամ կարճ ժամանակով, հետո ուղևորվել են Հայաստանի տարբեր շրջաններ: Չնայած այս մեծ հոսքին ` բավականին լավ ենք իրականացրել հագուստի և սննդի բաշխումը, հաջողությամբ համագործակցելով իհարկե համայնքապետարանի հետ:
Բայց կան հյուրանոցներ, որ այդ գործընթացում նույնպես տուժել են: Խոսքը վերաբերում է մարդկային մեծ հոսքի ժամանակ հյուրանոցների գույքի մաշվածության խնդրին։ Որոշ տնտեսվարողների մոտ վնասն​ իսկապես շոշափելի է եղել։ Եվ ահա, այս երկու խնդրիներին՝​ համավարակ, հետո պատերազմ, հիմա էլ ոլորտի համար ​ առաջացել է երրորդ խնդիրը` բանկային քաղաքականությունը: Շատ տնտեսվարողներ ունեն վարկեր եւ դրանք​ չմարելու պատճառով` ոմանք արդեն​ սև​ ցուցակում են հայտնվել, եւ գույքը կորցնելու վտանգի առաջ են:

Yelaket.am - Ո՞ւմ եք դիմել խնդրի մասին, պատկան մարմինները տեղյա՞կ են:

Արթուր Խոջաբաղյան - Մենք այդ խնդրի մասին ահազանգել ենք, դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն, հանդիպում է եղել տուրիզմի վարչության հետ, հանդիպում է եղել վարչապետի խորհրդականի հետ, Սյունիքի պատգամավորներին ենք դիմել: Մեզ ասում են, որ գործընթացը ընթացքի մեջ է, բայց​ դա մեզ համար գոհացուցիչ չէ, քանի որ բանկերը այս հարցում դեռ իրենց դիրքորոշումը չեն փոխել, այսինքն ` իրավիճակը ընդհանուր ճգնաժամային է: Բայց մենք ամեն ձևով պիտի փորձենք այս խնդրի կարևորությունը բարձրացնենք, լսելի դարձնենք, որ թե' բանկերը, թե' կառավարությունը հասկանան, որ այստեղ կան լուրջ հարցեր, որոնք լուծում են պահանջում:
Չենք կարող ասել , որ պետությունը այս հարցում ոչինչ չի անում, որովհետև մեզ հետ փաստացի ուզում են աշխատել, բայց մենք ուզում ենք, որ խնդիրը նաեւ բարձրաձայնվի և տրվի վերջնական լուծում, որ պետական պաշտոնյաները չասեն , թե գործում են, աշխատում են այդ ուղղությամբ, բայց այդպես էլ​ լուծում չտրվի խնդրին, որովհետև անձամբ ես մտավախություն ունեմ, որ խնդիրը իրականում կարող է պարզապես այդպես էլ օդից կախված մնալ.
Պետք է հստակ արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում​ Գորիսում կա լուրջ խնդիր, և այդ մարդկանց պետք է օգնել, որովհետև խոսքը վերաբերում է տասնյակ աշխատատեղերի:

Yelaket.am - Պատերազմի հետքերը խո՞րն են Սյունիքում:

Արթուր Խոջաբաղյան - Պատերազմից հետո մարզում խնդիրները շատ-շատ են,​ բայց ժողովուրդն էլ պիտի մասնակցի դրանց լուծմանը, տարբեր խմբեր կազմվեն և իրենց վրա ինչ-որ մի խնդրի լուծում վերցնեն, եթե ուզում ենք նորմալ երկիր լինենք, և նույն բանը էլի մեր գլխին չգա: Սա դաս էր մեզ համար, որը մենք պիտի ​ սերտենք, ու պահանջատեր լինենք,​ անցնենք մեր երկրին տիրություն անելուն:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 48653անգամ
Վերջին լուրեր