«Աղվանյան Արմանը զոհվեց հոկտեմբերի 9-ին, Ջեբրայիլի մատույցներում՝ մնալով հավերժ 20 տարեկան». Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Արմանը լոռեցի էր, Օձունում էր ծնվել։ 2018-ին անվճար հիմունքներով ընդունվել էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Դրան զուգահեռ սպորտով էր զբաղվում, երգում էր, դուդուկ ու դաշնամուր նվագում։ Նայում եմ Արմանի էջը, տեսանյութերն ու նկարները ու ևս մեկ անգամ համոզվում, որ մի ողջ լուսավոր սերունդ կորցրեցինք։ Ամեն մեկը մի անհատականություն էր, ամեն մեկը յուրովի առանձնահատուկ։
Արմանը բանակ զորակոչվեց 2019-ի հունվարին։ Ստեփանակերտի «Ցոր» զորամասում էր ծառայում։ Սերժանտի կոչում ուներ, դասակի հրամանատարի տեղակալ էր ու 872 տանկի հրամանատարը։
Պատերազմի առաջին օրվանից Արմանը ռազմական ակտիվ գործողությունների կիզակետում էր։ Բայց ավաղ, չհասցրեց տեսնել այդ արհավիրքի վերջը։ Նա զոհվեց հոկտեմբերի 9-ին, Ջեբրայիլի մատույցներում…
Արման Աղվանյանը հավերժ մնաց 20 տարեկան»։