Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2021 : 12-28

Պատերազմն ու հոգեբանական խնդիրները դեռահասության շրջանում

Գաղտնիք չէ, որ դեռահասությունը համարվում է տարիքային փուլերից ամենաճգնաժամայինը, իսկ դեռահաս լինելն առանց այն էլ դժվար է:

Դեռահասների վրա պատերազմի թողած  ազդեցության մասին Yelaket.am-ը /Ելակետ լրատվական/ զրուցել է երիտասարդ մայրիկ, հոգեբան Սոնա Հակոբյանի հետ:

-Պատերազմից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն դեռահասներից շատերն այս թեմայի նկատմամբ գերզգայուն են: Հոգեբանական տրավմայի ի՞նչ ախտանիշներ են նկատվում  դեռահասների շրջանում:

-Դեռահասի արձագանքը հոգեբանական տրավմային մի շարք գործոններից է կախված, օրինակ՝ տրավմային նախորդող գործողություններից, աջակցության առանձնահատկություններից, անհատական որակներից: Սակայն, քանի որ տրավմային հանգեցնող իրադրությունները անկանխատեսելի են ու անսպասելի օրգանիզմի համար, հետևապես դեռահասը  անորոշություն և ապակողմնորոշվածություն է ապրում, նվազում է հավատը աշխարհի նկատմամբ, հաճախ բացասական մտքեր է ունենում սեփական անձի մասին, ցածր ինքնագնահատական, դժվարություններ շփման մեջ և այլն: 

-Արդյո՞ք կան տարիքային խմբեր, որոնք կարելի է ասել, որ առավել զգայուն են:

- Յուրաքանչյուր տարիքում էլ անձը որոշակի հակազդումներ տալիս է հոգեկան տրավմային, սակայն քանի որ դեռահասությունը ինքնին անձի զարգացման ճգնաժամային փուլ է համարվում, և տեղի են ունենում ֆիզիկական ու հոգեհուզական զարգացման մի շարք փոփոխություններ, դեռահասները գերզգայուն են ստեղծված իրադրության նկատմամբ:

- Դեռահասներ կան, որոնք կորցրել են իրենց հարազատին՝ ծնողին, եղբորը, հորեղբորը կամ մեկ այլ բարեկամի, հոգեբանական ինչպիսի՞ աջակցություն պետք է ցուցաբերվի նման դեռահասներին:

-Կորստի ժամանակ երեխաները ացնում են վշտի ապրման մի քանի փուլեր ՝ մերժում, բարկություն, բանակցություններ, երբ դեռահասին թվում է, որ եթե նա իրեն լավ պահի մահացածը հետ կգա, տխրության և դեպրեսիվ վիճակի փուլ և ընդունում: Ցանկացած փուլում շատ կարևոր է մտերիմ մեծի աջակցությունը: Հատկապես դեռահասների դեպքում անհրաժեշտ է լինել շատ համբերատար, երբեմն ագրեսիվ վարքի նկատմամբ ներողամիտ,կարևոր է թույլ տալ խոսել, կիսվել, բայց չպարտադրել եթե չկա ցանկություն, փոխարենը՝ օգնել վերադառնալ առօրյաին, օգնել հասկանալ իր հույզերը, ստեղծել ապահով և ջերմ մթնոլորտ տանը: Իսկ հոգեբանի կողմից աջակցությունը պետք է լինի նախ լուսավորչական՝ տալ տարիքին համապատասխան ինֆորմացիա մահվան մասին, վշտի ապրման մասին, հետագայում օգնել դուրս բերել կուտակված նեգատիվ  հույզերը, ակտիվացնել ներքին ռեսուրսները:

- Ինչպիսինն է՞ ազդեցությունը դեռահասների վրա, և ինչքա՞ն ժամանակ կպահանջվի  այն հաղթահարելու համար:

-Ինչպես նշեցի, պատերազմական տրավմայի ազդեցությունը կապված է տարբեր գործոններից: Երեխան կարող է ականատես լինել մահվան, մտերիմի կորստին, իր կենցաղի և առօրյայի կտրուկ փոփոխությանը, ընտանիքի տառապանքին և այլն: Ազդեցությունը և դրսևորումները կարող են շատ լինել ՝

·        տագնապային ապրումներ, վախեր,

·        տրամադրության խանգարումներ՝ ցածր տրամադրություն կամ գերգրգռվածություն,

·        միայնակության զգացում,

·        ագրեսիա:

Հաղթահարման ժամկետները անհատական են: Կարևոր է, որ վշտի ապրման ընթացքում դեռահասը լինի ապահով միջավայրում, լինի հասկացված և լսելի:

-Ի՞նչ անել, որ հոգեբանական բացասական ֆոնը չխանգարի կյանքի բնականոն հունին և հակառակը՝ ի՞նչ անել ուժեղ, չընկճվող սերունդ մեծացնելու համար:

-Մեծահասակի դերն ու արձագանքը շատ կարևոր է դեռահասի հոգեբանական ապրումների ժամանակ: Ծնողը կամ մտերիմ հարազատը պետք է ճիշտ պահին հասկանա երեխայի կարիքները, հուզական և ֆիզիկական փոփոխությունները, խոսի և բացատրի իրավիճակը, դեռահասը շատ կարիք ունի ճշգրիտ ինֆորմացիայի, կարիք ունի հասկանալու ինչպե՞ս է ընթանալու իր ապագան, եթե նա տարահանված երեխա է՝ պետք է օգնել հարմարվել միջավայրին և այլն: 

Կարծում եմ, որ մեր ներկայիս սերունդը ճակատագրի բերումով արդեն իսկ ուժեղ է, քանի որ կարողանում է հաղթահարել նման ծանր ժամանակներ: Պարզապես պետք է ականջալուր լինել երեխայի խնդրին և միշտ հավատացնել, որ ամեն բան հաղթահարելի է:

 

Author's cover photo
Ամսաթիվ 17 / Մարտ / 2021 : 12-28
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 16745անգամ
Վերջին լուրեր