17 / Մարտ / 2021 : 14-07

 Ադրբեջանը փորձելու է դիրքային առավելության հասնել նաև Վայոց Ձորում ու Գեղարքունիքում. Տիգրան Աբրահամյան

 Ադրբեջանն այսօր Հայաստանի ու Արցախի վրա ճնշում գործադրելու նոր գործիքներ ունի, առաջին հերթին խոսքը վերաբերում է Սյունիքին, որտեղ ճանապարհների մի մասը կա՛մ անցնում է ադրբեջանական դիրքերի կողքով, կա՛մ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հատվածով, այս մասին ասուլիսում ասաց «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Սյունիքով միջանցքի բացումը խոսում է այն մասին, որ հայական շահերը որևէ կերպ ներկայացված չեն»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այստեղից էլ կամք, պահանջ ու դրան հասնելու հստակ ցանկություն չկա:

Փորձագետը նկատեց, որ Ադրբեջանն  փորձելու է հասնել իր առջև դրած խնդիրների լուծմանը: Աբրահամյանի խոսքով՝ հակառակորդը ցանացած պարագայում փորձելու է դիրքային առավելության հասնել:

«Այս պահին տեսնում ենք Սյունիքում, ավելի ուշ տեսնելու ենք Վայոց Ձորում ու Գեղարքունիքում: Վայց Ձորի և Գեղարքունիքի հատվածը բարձր լեռնային է: Եղանակային բարենպաստ պայմաններում Ադրբեջանը սկսելու է աշխատանք տանել այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձելու է ստեղծված պայմաններում իր համար լավագույն դիրքավորումն ապահովել, որը նրա համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու դիվերսիաների, կրակահերթերի, ակտիվություն պահելու, էսկալացիայի բերելու», - ասաց Աբրահամյանը:

Մասնագետի խոսքով՝ այս պարագայում խնդիր ունենք եղած սահմանների պայմաններում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու:

«Դա հնարավորություն կտա ոչ միայն կանխելու Ադրբեջանի առավել բարենպաստ դիրքավորումը, այլև քաղաքական առումով, հնարավորություն կտա հետագա գործընթացներում նվազեցնելու Ադրբեջանի ճնշման հավանականությունը», - ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նաև նշեց՝ ռուսական խաղաղապահները զսպող օղակ են և տվյալ ժամանակաշրջանում պատերազմի վերսկսումը դեռևս հնարավոր չէ:

«Ամենամեծ գործոնը, որ այս պահին կանխում է ադրբեջանական կողմից պատերազմի սանձազերծումը, ռուս խաղաղապահների ներկայությունն է։ Ռուսական զորքի առկայության պայմաններում պատերազմ սկսելու հավանականությունը շատ է նվազում։ Սակայն, եթե կարճաժամկետ կտրվածքով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, ապա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում՝ այդ հավանականությունը կարող է աճել»,- նշեց Աբրահամյանը։

 

Դիտվել է 9510անգամ
Վերջին լուրեր