Բողոքի անհնազանդության ակցիաները շարունակվելու են․ Իշխան Սաղաթելյան
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը: Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, դա բավարարում է շարժման պահաջների մի մասը: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ ու կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Ինչ վերաբերում է այդ ընտրություններին, եթե լինեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով, կա մեծ հնարավորություն, որ դրանք կեղծվելու են»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքերով, իրականում այդ ընտրություններից կարող է նոր ճգնաժամ սկսվել․ «Հետևաբար շարժումը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ճանապարհային քարտեզն իրենց առաջարկածն է»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ բողոքի անհնազանդության ակցիաները շարունակվելու են, սակայն կարող է լինել մարտավարության փոփոխություն: