Հանցանք կատարած ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։


Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ ադրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Հանցանք կատարած անձինք, ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան