«Թաքնվելու ժամանակ չկար, թե ինչպես այդ արկային անձրևից դուրս պրծանք՝ մինչև հիմա հավատս չի գալիս»․ Ծանր վիրավորում ստացած ապագա վիրաբույժ
«Պատերազմում ծանր վիրավորում ստացած ապագա վիրաբույժը նշում է՝ երբեք պետք չէ հուսահատվել
Պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանների կողքին մեծ պատասխանատվությամբ կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վիրաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Նարեկ Ամիրյանը:
ԵՊԲՀ սովորողն աշխատում է Երևանի շտապօգնության ծառայությունում որպես բժիշկ։ Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից մեկնել է Արցախ. «Ստեփանակերտ մտնելուն պես խնդիրը պարզ դարձավ՝ ինչ գնով էլ լինի պետք է վիրավորներին հասցնել Հայաստան։ Տեղում արագ կազմակերպվում ու շատ արագ իրականացնում էինք տեղափոխումը, որովհետև ժամանակը շատ սուղ էր։ Թեև դժվար էր ճանապարհը, բայց մեզ համար փոքր հաղթանակ էր, երբ մոտ 8-9 ժամ ճանապարհ անցնելուց հետո, հրետակոծությունից խուսափելով մեր վիրավոր տղերքին հասցնում էինք հիվանդանոց։ Չեմ մոռանա ոչ մի հերոսի, բոլորին էլ մինչև հիմա հիշում եմ»։
Նարեկի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին, երբ Ստեփանակերտը խիստ հրթիռահրետակոծվում էր, մոտ 2-3 ժամ թաքստոցից դուրս չեն եկել, սակայն վիրավորներին փրկելու ձգտումը նրանց ի վերջո դուրս է հանում. «Թաքնվելու ժամանակ չկար, թե ինչպես այդ արկային անձրևից դուրս պրծանք՝ մինչև հիմա հավատս չի գալիս»։
Հոկտեմբերի 8-ին լույս աշխարհ եկած որդին նրան «ստիպում» է մի քանի օր մնալ Հայաստանում։ «Սակայն երկար չտևեց, մտքով անընդհատ մեր տղերքի հետ էի և կրկին մեկնեցի Արցախ։ Հիշում եմ՝ նոյեբերի 6-ն էր, մեկնում էինք վիրավորների հետևից և գիշերը ենթարկվեցին հարձակման, ինչի արդյունքում ծանր վիրավորվեցի։ Չեմ մոռանա այդ օրը... Այդ պահին ցանկությունս մեկն էր՝ ինչ գնով էլ լինի պետք է ապրեմ, պետք է որդուս ու ընտանիքիս կողքին լինեմ։ Երջանիկ եմ, որ դեռ կարողանալու եմ օգնել շատ մարդկանց, այս կյանքում դեռ անելու շատ բան ունեմ։ Ես հպարտ եմ, որ հայ եմ»,-անկեղծանում է ապագա վիրաբույժը։
Նարեկի խոսքով՝ պատերազմի ընթացքում ամեն ինչ շատ անկախատեսելի է, կարևոր է արագ կողմնորոշվելը, շատ ճիշտ և արագ գործելը»:
«Պատերազմն ինձ շատ բան սովորեցրեց ու մեծ հետք թողեց իմ կյանքում։ Բայց երբեք պետք չէ դժգոհել ու զղջալ արած կամ չարածի համար։ Պետք է ամեն օր փորձել բարին ու լավն անել, քանզի մենք չգիտենք, թե երբ կլինի վերջին օրը։ Պետք է ապրել պարզ ճակատով ու չհուսալքվել»,-նշում է նա:
Անդրադառնալով մասնագիտության ընտությանը, ԵՊԲՀ կլինիկական օրդինատորը շեշտում է, որ մանկուց է ցանկացել բժիշկ դառնալ. «Արդեն ձևավորվել էր այն միտքն ու գաղափարը, որ բժիշկ եմ դառնալու։ Ընտրեցի բժշկի մասնագիտությունը, քանի որ ինձ դուր է գալիս օգնել մարդկանց, և միայն այն ժպիտն ու շնորհակալությունը, որ տեսնում ու լսում ես պացիենտից վիրահատությունից կամ առողջացումից հետո, ամեն ինչ արժե, քեզ լավ ես զգում, երբ կարողանում ես ևս մեկ մարդու օգնել հաղթահարել այդ պահին անհաղթահարելի թվացող փորձությունը»։
Ապագա մասնագետի կարծիքով՝ բժիշկն առաջին հերթին պետք է հավատարիմ լինի իր մասնագիտությանը:
Ամփոփելով ապագա վիրաբույժը նշում է՝ բացի բժշկությունից, սիրում է երգն ու երաժշտությունը. «Դեռ փոքրուց դաշնամուր եմ նվագել։ Բժշկական մայր բուհն օգնեց, որ բացահայտեմ երգելու տաղանդը: Դեռ 2-րդ կուրսում էի ու սկսեցի երգել, եղել եմ մեր բուհում ստեղծված «Մեդունի» երգի խմբի մենակատարը, ինչպես նաև նույն խմբի ղեկավարը։ Երգը ևս բուժում է. այդ արվեստի ներդաշնակությունը կարողանում ես միաձուլել մասնագիտությանդ և բուժել»։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան