«Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը կոչնչացնի»․ Արման Թաթոյան
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Դրա համար է նաև, որ մենք առաջ ենք քաշել անվտանգության գոտու գաղափարը, որ ադրբեջանցիները պետք է այդտեղից հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ։ Նրանց հեռանալուց հետո մեր ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը նույնպես պետք է տեղաշարժվեն այդտեղից, որ անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց նա՝ խոսելով Սյունիքի մասին։
Թաթոյանն ընդգծեց՝ այսօր որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի մասին խոսք չի կարող լինել, որովհետև սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ երևույթներ են։ «Ընդ որում, դրանց կատարման համար անհրաժեշտ են նաև հանձնաժողովային աշխատանքներ, երկար տարիների պրոցեսներ են։ Դրա համար ադրբեջանցիների՝ այնտեղ հայտնվելը ոչ մի իրավական տիտղոս չունի, որովհետև նրանք այնտեղ են հայտնվել պատերազմի և ուժի սպառնալիքի գործադրման հետևանքով»,-ասաց նա։