Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Ապրիլ / 2021 : 11-05

Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը մեր քրիստոնյա տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնահատուկ խոնարհումս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած մեր բոլոր քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք տղերք…

Արցախյան երկրորդ պատերազմի հասցրած վերքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու: Մեր հերոս նահատակների հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում և մենք ամեն ինչ անելու ենք նրանց սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու համար: Եկեղեցական կարևորագույն այս տոնը Սուրբ Զատիկը՝ հարության և նոր կյանքի խորհրդանիշն ունի և մեր հայրենիքին բաժին հասած դժվարին այս փորձություններից հետո անգամ մենք պետք է շարունակենք ապրել՝ հանուն մեր սերունդների ու մեր պետության ապագայի: Այս պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում:

 

Հույս ունեմ, որ շատ շուտով նրանց տեսնելու եմ ոտքերի վրա ամուր կանգնած և կյանքի հանդեպ լավատեսությամբ լցված: Ուզում եմ հավատալ, որ այս հերոսներից յուրաքանչյուրն առաջիկայում գտնելու է իր բաժին երջանկությունն ու ձևավորի նոր, հայկական, ավանդական ամուր ընտանիք, բալիկներ ունենա, ապագա զինվորներ ու մայրեր պարգևի մեր ժողովրդին: Հատկապես այսօր, մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար դժվարին այս ժամանակաշրջանում՝ նոր ընտանիքների ձևավորումն ու բալիկների լույս աշխարհ գալը կենսական նշանակություն ունի մեր պետության ու հասարակության համար: Այս հարցում ես պատրաստակամ եմ լինել մեր հերոսներից յուրաքանչյուրի կողքին: Օգնել ու աջակցել նոր ընտանիք ստեղծելու հարցում, ցանկացած պարագայում կիսել նրանց հոգսն ու խնդիրները՝ միայն թե մեր հայկական ընտանիքների ու դրանցում ծնվող բալիկների թիվն ավելանա:

Մի քանի օրից մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը: Ես ուզում եմ հավատալ, որ ցանկացած նոր հայ ընտանիքի ձևավորման մասին նորությունը պետք է մի փոքր լավատեսություն ու ապագայի նկատմամբ հավատ բերի մեր հասարակության համար դժվարին այս ժամանակներում:

Իսկ մինչ այդ՝ Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության:
Աստված պահապա՛ն հայ ժողովրդին….

Գագիկ Ծառուկյան

Դիտվել է 118444անգամ
Վերջին լուրեր