09 / Ապրիլ / 2021 : 12-25

Կարին Տոնոյանի նոր գրառումը

Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի՞նչ է գրել Նժդեհն այս օրերի բոլոր տեսակ մարդկանց մասին-

Յուրաքանչյուր հայ, եթե կարդա, Նժդեհի այս դատողությունները, անպայման իրեն կգտնի` այս երեք շերտերից` մեկի մեջ։

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝

1. Ազգային-ցեղային (Ցեղը),
2. Տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը),
3. Ամբոխացած, հակազգային(տականքը):
1. Ցեղը - Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում:

Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին:

Ցեղի համար՝

անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ է:

Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

2. Ժողովուրդը - Սա հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է:

Այն ամբոխամետ է, ավելի շուտ տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:

Ժողովուրդն ապրում է առօրեայով, իսկ Ցեղը՝ հավիտենականով։

Ժողովուրդը՝ օրվա մտածումներով, իսկ ցեղը՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՛կ:

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, իսկ Ցեղը՝ համահայկական շահերով:

Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ Ցեղի մեջ չկա՛ն տիրող եւ հպատակ դասակարգեր, կրոնական, քաղաքական ուղղություններ - կա՛ն միայն Հայեր:
Ժողովուրդն արդարություն եւ ապրելու իրավունք աղերսող է, իսկ Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:

Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:

Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը:

Ժողովուրդը ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, Ցեղը՝ նախազգում է այն:

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին:

Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ։

Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում:

Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:

Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը` համակ է հպարտանքի զգացումով եւ լի՝ վճռականությամբ: Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը։

 

3. Տականքը - Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը:

Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:

Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում եւ առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած:

Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ:
Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:

«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք». ա՛յս է մեր գերխնդիրը:

Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որեւէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձեւով նկատվում է որպես

Հայ ցեղ (ազգ):
Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը»:

Դիտվել է 39152անգամ
Վերջին լուրեր