Ինչխե՞ս, այ․․․ Հարց սեքսոպաթոլոգին (լուսանկար)
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ,
Արդեն քանի օր է՝ համացանցում ակտիվորեն շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը, որը նաև իմ ՖԲ-յան ընկերները անդադար ուղարկում են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունը։
Նամակների թիվը գնալով շատանում է, և ես որոշեցի այդ կապակցությամբ գրառում կատարել։
Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ էջը կեղծ է, ֆեյք է, ինչպես հիմա ընդունված է ասել, և ինձ հետ որևէ առնչություն չունի, բացի նկարից, որը երևի վերցրել են իմ էջից։ Հումորով մոտենալով նման «չարաճճիություններին»՝ պետք է նշեմ, որ հաճախ եմ նկատում իմ նկարով կամ իմ տվյալներով տարբեր էջեր՝ տարբեր կայքերում։
Հասկանում եմ, իհարկե, որքան հետաքրքիր է և գայթակղիչ հանդես գալ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կերպարով կամ կեղծ էջերով, բայց երևույթը, ինչ խոսք, անընդունելի է և մերժելի։
Ուրախ եմ, որ մեր գորշ առօրյայում այս նկարը շատերի մոտ ժպիտ առաջացրեց։ Բայց ամեն դեպքում խնդրում եմ ուշադիր լինել և կեղծ, անհայտ ծագման սեքսոպաթոլոգների էջերից, գրառումներից և խորհրդատվություններից հեռու մնալ։
Սեռական առողջությունը նման հանրավտանգ հումորներ չի հանդուրժում։
Հ.Գ. Ի դեպ, «սեքսոպաթոլոգ բառը գրվում է «ո»-ով»։