13 / Ապրիլ / 2021 : 18-11

Ջալալ Հարությունյանից հրաման է եկել եւ հոկտեմբերի 11-ին 73 զինվորի տարել են Հադրութ․ 67-ը զոհվել են, 6-ը անհետ կորել․ ծնողները պատասխան են պահանջում

Ես երեկ ԱԺ-ում հանդիպել եմ Արցախի Մարտունի 3-րդ պաշտպանական զորամասի 7-րդ վաշտի 73 ծնողների հետ, որոնք մեկ նամակ են փոխանցել ինձ և խնդրել են բառացի կարդալ ամբիոնից, և ես պետք է այստեղից հնչեցնեմ այն առաջարկը, պահանջը, որ ծնողները նամակով հանձնել են ինձ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ նշեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա ներկայացրեց այն պահանջը, որը ծնողները նամակով իրեն են փոխանցել. «Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններին և պատգամավորներին լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին: Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում:
Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու և խաբելով՝ տարել են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց 73 հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:
Պահանջում ենք բոլոր պատգամավորներից և պետական մարմիններից գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ»,- կարդաց Սոֆյա Հովսեփյանը:
Պատգամավորը նաև նշեց՝ ծնողները հստակ ասել են, թե ովքեր են այս գործի պատասխանատուները՝ Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանը, Հադրութում կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյանը, ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:
Սոֆյա Հովսեփյանը նաև ընդգծեց՝ արդարացի լուծում չտալու համար ծնողները նշել են՝ պատասխանատու չեն իրենց քայլերի համար. «Այս նամակը տվել են և խնդրել, որ, անպայման, կարդամ, ինչպես նաև տեղեկացնեմ, որ այս գործով իբր գործ է հարուցվել, բայց չափազանց դանդաղ կամ կարելի է ասել գրեթե ոչինչ չի արվում, ինչն էլ առաջացրել է ծնողների ցասումը: Ես խնդրում եմ ԱԺ-ի անդամներին լինել հետևողական»,- նշեց նա:
Տեսանյութ։
Դիտվել է 155307անգամ
Վերջին լուրեր