Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 11-29

Ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունել Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին երեք անգամ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու դրանց չկատարմանը:
«Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԶՈՒ ԳՇ հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո՛, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: ԱԽ այդ նիստին մասնակցել են հանրապետության նախագահն ու Վեհափառ հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ կատարվող իրադարձությունների մասին:
Դրանից հետո ես՝ համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով, մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ, նա ասել է՝ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել:
Սա կարևոր արձանագրում է. մենք ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձևակերպում կամ ունենք ընդհանուր ձևակերպում՝ իրադրության հաղթահարման, գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի ներքին տեղահանվածների հարց է եղել ԼՂ, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ:
Որից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, արդյունքում՝ պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդ՝ պահանջում է, որ ներքին տեղահանվածների հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև՝ սա նոր դետալ է, որ նախկինում չեմ ասել՝ ակնարկ է եղել, որ ոչ թե պետք է տարածքների վերադարձը լինի 5+2 սկզբունքով, այլ՝ պետք է լինի 7 տարածք»,- մանրամասնեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը: «Ադրբեջանը մի իքս պահից հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»,- ասաց նա:
Դիտվել է 14875անգամ
Վերջին լուրեր