Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2021 : 11-39

Նոր մանրամասներ Ստեփանակերտի բնակելի տան վրա արձակված կրակոցներից

Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի հետկեսօրեին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ նշելով, որ այդ մասին ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ժամը մոտ 15:00-ի սահմաններում:
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-մանրամասնեց Թադևոսյանը: Ուսումնասիրվում է՝ արդյոք հնարավոր է փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորել բնակելի տուն Ստեփանակերտում:
Նրա հաղորդմամբ՝ ոստիկանությունն ահազանգ չի ստացել Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ:
«Այդուհանդերձ՝ հաշվի առնելով, որ նման տեղեկատվություն է տարածվել՝ այդ ուղղությամբ ևս համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց Թադևոսյանը:
կարդացեք նաև Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել, կրակոցներ են եղել նաև Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ․ լուսանկար
Դիտվել է 12985անգամ
Վերջին լուրեր