Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2021 : 19-48

Բոլորը քաղցած գայլերի նման սպասում են, որ կսայթաքես ու չի ստացվի. Լիլիթ Մուրադյանի հարցազրույցը

Yelaket.am-Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը «Եթե բոլորը» հեռուստանախագծի, սիրո հավերժության, կարիերիստ լինելու և գեղեցիկ ընտանիք ունենալու նախադրյալների մասին: -Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի հաղորդավորուհին:

-Այս հարցը թերևս ինձ համար ամենադժվարներից է, որովհետև երբեք հստակ պատասխան չկա: Թե՛ կինը, թե՛ տղամարդը կարող են օժտված լինել գեղեցիկ խոսքով, լինեն բազմակողմանի զարգացած և կարդացած: Նայում ես արտաքինին, կարծես թե ոչինչ չի խանգարում, որ վերջինս աշխատի հեռուստատեսությունում, բայց տեսախցիկի հետ աշխատել չի ստացվում: Հետևաբար, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ անսահման համառություն և համարձակություն է պետք: Առաջին անգամ, երբ մտնում ես հեռուստաեթեր, սարսափելի փորձություն է: Վստահեցնում եմ, որ բոլորը քաղցած գայլերի նման սպասում են, որ կսայթաքես ու չի ստացվի, որովհետև ասել, որ սա ամենամաքուր և ամենաանկեղծ ոլորտն է, կստեմ: Բնականաբար, խոսքը գնում է եթերում հայտնվելու մասին, իսկ յուրաքանչյուրը, ով սովորում է այս ուղղությամբ, ցանկանում է լինել եթերում: Շատ ավելի են ցանկացողները եթերում աշխատելու, քան խմբագիր կամ լրագրող լինելու:Իմ պարագայում շատ դժվար էր և ես պետք է անկեղծ լինեմ, որ շատ դժվար ճանապարհ եմ անցել՝ լացելով, նեղվելով, հուսահատվելով, բայց այս տասը տարիների փորձը ցույց տվեց, որ երևի թե ճիշտ ընտրություն եմ կայացրել աշխատանքի հարցում:Հաղորդավարը պետք է տեղեկացված լինի ամեն ինչից՝ քաղաքականություն, շոու-բիզնես, մշակույթ, բժշկություն, ցանկացած թեմայի շուրջ պետք է կարողանա խոսել, մշտապես պետք է կարդա, չպետք է վախենա փորձություններից, պետք է մի կողմ դնի իր անձնական եսը՝ էգոն, ու ամենափոքրից սկսի: Եթե դա քոնն է, ուրեմն դու անպայման առաջ ես գնալու, եթե չես գնում, ուրեմն պետք է թողնես կիսատ ու փորձես գտնել քեզ մեկ այլ ոլորտում:

-Կարիերիստ լինելը կնոջ բացասակա՞ն հատկանիշ եք որակում: -Ինձ դժվար է ասել կարիերիստ լինելը կնոջ բացասական, թե՞ դրական կողմ է, քանի որ ես չեմ կարողանում երկար ժամանակ առանց աշխատանքի ապրել: Բայց եթե կինը ցանկանում է, ես վստահ կարող եմ ասել, որ հնարավոր է համատեղել թե՛ աշխատանքը, թե՛անձնական կյանքը: Վստահեցնում եմ, որ չկա նման բան, որ պետք է քեզ անձնվիրաբար նվիրես մի կողմին և մոռանաս մյուսի մասին: Հավատացեք ինձ, 24 ժամը բավական է, եթե կինը կարողանում է խելամտորեն բաշխել այդ ժամերը:
-Դուք և Վահե Խանամիրյանը «Եթե բոլորը» հեռուստանախագծի հեղինակն ու վարողն էիք: Ինչու՞ որոշեցիք նման ձևաչափով ներկայանալ:

-«Եթե բոլորը» ես համարում եմ իմ աշխատանքային բումը, որովհետև մենք մտանք մի ոլորտ, որտեղ բացարձակ փորձ չունեինք, չգիտեինք՝ ինչ ասել է գործ ունենալ ախտորոշումներ ունեցող երեխաների հետ և ինչ ասել է գործ ունենալ այդ երեխաների ծնողների հետ: Դա մի սիրուն պղպջակ կարծես լինի, որի շուրջ պետք է այնպես պտտվես, որ հանկարծ չպայթի: Ոչ մի ավել խոսք, ինտոնացիա, սխալ վերաբերմունք, որովհետև մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր հուսահատության և հուսալքության եզրին են, ովքեր ունեն օգնության կարիք, բայց իրենք մուրացիկ չեն, չեն ուզում աղերսել և խնդրել այդ օգնությունը: Իսկ որոշեցինք անել մի պարզ պատճառով:Նայեցինք մեր շուրջը և տեսանք հազարավոր երեխաների պատմություներ, որոնք տարբեր ախտորոշումներ ունեն: Իսկ հասարակության մեջ ձևավորված մի կարծիք կա, որ եթե երեխային պետք է օգնել, ուրեմն այդ երեխան պետք է ունենա արյան քաղցկեղ՝ լեյկոզ: Բայց դա այդպես չէ: Կային հազարավոր երեխաներ շատ տարբեր ախտորոշումներով և նրանք դուրս էին մնում, չկային հիմնադրամներ, որոնք կաջակցեին, իսկ մեր առողջապահությունը այնքան զարգացած և ֆինանսապես ապահովված չէ, որ կարողանա բոլորին աջակցել: Հետևաբար մենք ստեղծեցինք հարթակ, որտեղ օգնության կարիք ունեցողը կարող է ներկայացնել իր պատմությունը, իսկ օգնող-աջակցողը կարող է օգնել: Վստահեցնում եմ, որ հաղորդումը 4 տարի չէր լինի եթերում, եթե մենք չկարողանայինք իրականացնել մեր նպատակը: Մենք մոտ մեկ տարի դադար տվեցինք և նամակների հոսքից ես հասկանում եմ, որ, ցավոք, մեր կարիքը կրկին կա:Մենք ժամանակավորապես փակեցինք նախագիծը, հույս ունենալով, որ հաղորդաշարի կարիքը չի լինի, բայց եթե մեր կարիքը կա, ընդունենք, թե չընդունենք, նախագիծը կլինի հեռուստաեթերում: Այնպես որ միգուցե շուտով վերադառնանք:

-«Եթե բոլորը» հեռուստանախագիծը կարողացա՞վ կոտրել կարծրատիպեր:

-«Եթե բոլորը» կոտրեց շատ կարծրատիպեր: Մենք ապացուցեցինք, որ 500 դրամով կարելի է ճակատագիր փոխել, քանզի մեզանից յուրաքանչյուրի արարքը կաթիլ է, իսկ ծովը բաղկացած է լինում կաթիլներից: Մենք ցույց տվեցինք հեռուստադիտողին իրական պատմություններ, տվեցինք հնարավորություն տարբերակելու կեղծ լուրերը իրականից, որովհետև, սա շատ կեղտոտ շուկա է, քանի որ հաճախ ծնողները գումար են աշխատում երեխաների առողջության հաշվին: Վստահ եմ, որ իմ կոլեգաները կկիսեն իմ կարծիքը: Մենք տվեցինք հնարավորություն, որ վերջիններս տեսնեն, կարողանան մի մասնիկը լինեն այդ ընտանիքների պատմության: Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ հաղորդման հերոսները աղքատիկ մարդիկ չէին, հիմնականում կրթված, կիրթ, լավ ընտանիքներ էին, սակայն մեզանից որևէ մեկը ապահովագրված չէ, մենք չգիտենք, թե վաղը ինչ պատուհաս կարող է լինել,վաղը ինչի՞ առջև կարող ենք կանգնել:Այդ ծնողներն էլ չէին մտածում, որ, նման դաժան հիվանդություններ կարող են թակել իրենց դուռը և իրենք կունենան օգնության կարիք: Սա պետք է լինի մշակույթ, որ ես, այո՛, պարտավոր եմ դիմացինիս օգնել, բոլորս կարող ենք բարելավվել կյանքի որակը:
-Հնարավո՞ր է փոխել ճակատագիրը:

-Մտածում եմ, որ այն, ինչ գրված է ի վերուստ, լինելու է:Մենք կարող ենք շրջանցել տարբեր դժվարություններ, ցասումներ, ցավեր, բայց եթե մեր ճակատագիրը դա է, դա է:Մեզանից մնում է ապրել այսօրվա օրով, պատվով կրել այդ ճակատագիրը և չփորձել փախչել, որովհետև այն, ինչ պետք է լինի, միևնույնն է, լինելու է:

-Ի՞նչ պետք է անել, որպեսզի սերը հավերժ ապրի:

-Ոչինչ: Սերը կամ կապրի հավերժ, կամ չի ապրի:Եթե մարդիկ ապրում են իրար հետ մինչև խոր ծերություն, ուրեմն սերը ապրեց, եթե իրենք տարբեր ճանապարհներով են գնում, ուրեմն սերը չապրեց:Եվ հավատացեք, որ որևէ գործոններ և մեխանիզմներ չկան, որ կարող ենք գործի դնել և փոխել իրավիճակը: Բացարձակ: Սերը կամ կա, կամ չկա: Եվ այո՛,շատ-շատ է լինում, որ սեր չի լինում, հետո հայտնվում է, լինում է, իսկ հետո ասուպի պես մարում է:

-Գրքերն ամենալավն են պատմում մարդու մասին:Ի՞նչ գրքեր է կարդում Լիլիթ Մուրադյանը: -Գրքերը տալիս են հնարավորություն մեր աշխարհայացքը զարգացնելու, կտրվելու մեր իրականությոնից և սուզվելու մեկ այլ իրականության մեջ:Այս պահին ձեռքիս տակ է Նիկոս Կազանձակիսի «Վերջին փորձությունը» գիրքը, որի մասին շատ-շատ էի լսել, բայց համարձակություն չէի հավաքում վերցնել ձեռքս և սկսեի ընթերցել: Խորհուրդ եմ տալիս և չեմ ուզում պատմել,թե ինչի մասին է: Ես շատ-շատ եմ սիրում Ալբեր Կամյուի գրքերը, Մաքիավելիի «Տիրակալը», Ֆազիլ Իսկանդերին:Սիրում եմ գրքեր, որոնք ստիպում են մեզ կյանքին այլ աչքերով նայել:

-Համամի՞տ եք, որ վատ ժամանակները դառնում են լավ հիշողություններ: -Ոչ,համամիտ չեմ և նախորդ տարին ցույց տվեց մեզ, որ վատ հիշողությունները այլևս երբեք դրական չենք կարող հիշել, դրանք մեզ երբեք իրական ուրախություն չեն կարող բերել:Վատ հիշողությունները վատ էլ կմնան,դրանք միգուցե մեզ ավելի ուժեղ կդարձնեն, կփոխեն մեր արժեհամակարգը, մեզ, բայց ուրախությամբ չենք հիշի այդ օրերը:Ես իմ կյանքում 2 վատ հիշողություն ունեմ՝ առաջինը հորս մահն էր, որը բավականին հանկարծակի եկավ, և այս սարսափելի, դաժան պատերազմը, որի հետքերը դեռ տարիներ շարունակ զգալու ենք: 2 դեպքերն էլ մեզ ավելի ուժեղ դարձրին, արդյոք լավը կլինե՞ն այդ հիշողությունները, ո՛չ...

-Մի՞թե ժամանակի մասին մեր կողքին արագ մեծացող երեխաներն են հիշեցնում: -Այո, երեխաները այնքան արագ են մեծանում, մինչդեռ ոգևորված հետևում ես, թե ինչպես են մեծանում, մի պահ քեզ բռնում ես այն մտքի վրա, որ դու էլ ես իր հետ մեծանում: Ժամանակը շատ արագ անցնում է և ես հավատում եմ, որ այս կյանքում, աշխարհում, եթե մենք կարողանանք արժանավայել և արժանապատիվ ապրել ինքներս մեր և Աստծո առջև, ապա մենք շատ երկար ապրելու ենք ուրախության և բերկրանքի մեջ:
-Համամի՞տ եք, որ միայն հեքիաթներն են երջանիկ ավարտ ունենում, իսկ կյանքն ավելի շատ նման է տխուր վեպերին:

-Եթե մենք կարողանանք ճիշտ ապրել, մեր կյանքն ինքնին հեքիաթ է՝ ուրախությունով թե դժվարությունով, շա՜տ երկար հեքիաթ է, տարբեր էջերից է բաղկացած, տարբեր գլուխներից, ուրախ ու տխուր էջեր են լինում,միանշանակ ասել, որ հեքիաթները լավ ավարտ են ունենում, իսկ մեր կյանքը տխուր ավարտ, չեմ կարող ասել: Միշտ պետք է հիշել, որ մեր կյանքի ավարտը դեռ ավարտ չէ, մենք չգիտենք, թե ինչ է մեզ համար նախատեսել Աստված, միգուցե մեր հեքիաթը դեռ առջևում է:

-Ի՞նչն է օրինակելի և գեղեցիկ ընտանիք ունենալու ամենակարևոր նախադրյալը: -Նախապայմանը մեկն է՝ լինել ազնիվ միմյանց նկատմամբ, չստել, չդավաճանել, երբեք չվիրավորել, ընտանիքի ներսում շատ դժվարություններ ու վեճեր կարող են լինել, երբեք որևէ մեկի մոտ չնստել ու չքննարկել ընտանիքի ներքին խնդիրները, անգամ ծնողիդ մոտ: Քնելուց առաջ էլ թողնել օրվա մեջ եղած ցանկացած բացասականը և հանգիստ ու խաղաղ մտքերով քնել. դա է ամենակարևորը, երբ դուք առաջին հերթին ընկերներ եք իրար համար,ազնիվ եք, չկա մի թեմա, որի շուրջը չեք կարող երկուսով խոսել, խնդիր, որը չեք կարող երկուսով լուծել:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 33371անգամ
Վերջին լուրեր