30 / Ապրիլ / 2021 : 13-02
«Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում

Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։
Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Մասնակցում են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Չոկոն (առցանց ձևաչափով) և հրավիրյալ երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները՝ Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզադը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը, ներկայացվել է Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսի վիդեոուղերձը։
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ցանկանում եմ, առաջին հերթին, անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի կազմակերպվածության բարձր մակարդակի և ավանդական հյուրընկալության համար:
Գնահատանքի խոսք եմ ցանկանում հղել նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Նուրգալիևի Միննիխանովին՝ ջերմ ընդունելության համար։
Սրտանց ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Վալերիանի Չոկոյին, որը մասնակցում է մեր հանդիպմանը առցանց ռեժիմով։
Ուրախ եմ նաև ողջունել Տաջիկստանի կառավարության ղեկավար Կոխիր Ռասուլզոդային և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովին:
Բարեկամներ,
Երեկ, նեղ կազմով, մենք արդեն մտքերի մանրակրկիտ փոխանակում ունեցանք այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Կցանկանայի հակիրճ անդրադառնալ մեր տեսանկյունից, Միության համար ակտուալ որոշ հարցերի:
ԵԱՏՄ գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների տնտեսական համագործակցության՝ որակապես նոր հիմքով զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ Դա և՛ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և՛ ողջ համաշխարհային տնտեսության՝ ժամանակային առումով համընկած կամ անմիջապես հաջորդած վերափոխումը, որտեղ բարձր տեխնոլոգիաները գնալով ավելի պահանջված են դառնում:
Միության՝ այս պայմաններին հարմարվելու տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք գործնական համագործակցության ամենամեծ պաշարն ունեն: Մասնավորապես, նոր պայմանները բացահայտեցին առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում համագործակցության պահանջը:
Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը:
Հարկ է Միության ինտեգրացիոն ներուժի հետագա բացահայտման պրիզմայով դիտարկել նաև տիեզերքի գծով միջպետական ծրագիրը, որը մենք երեկ քննարկում էինք: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը:
Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:
Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու ևս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ:
Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:
Հարգելի գործընկերներ,
Ամփոփելով կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար:
Շնորհակալություն ուշադրության համար»:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը: Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:
Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։

Դիտվել է
5656անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...