06 / Մայիս / 2021 : 14-10

Անդառնալի են միայն մեր տղաները, որոնք արյուն թափեցին, որոնք զոհվեցին․ Դավիթ Գրիգորյան

«Հայկական ավանդույթներով դաստիարակվող երեխաները լինելու են մեր ազգի փրկությունն ու մեր ազգի հզորացման հիմքը» հաղորդման ընթացքում նշեց Դավիթ Գրիգորյանը, ընդգծելով, որ կարևոր է համարում Ավանդական հայկական ընտանիքները, բազմազավակությունը հայկական օջախներում։ Իր խոսքում Դավիթ Գրիգորյանը նշեց․ «Վերջերս նվազել է հայկական ընտանիքներում շատ երեխաներ ունենալու ցանկությունը, Միանշանակ կարող եմ նշել, որ ցանկացած մեծ ընտանիքում ավելի մեծ սեր է ծնվում ու ավելի մեծ համերաշխություն»։

«Մեր ազգը, մեր պետությունը ունեցավ ահավոր մեծ աղետ, մեծ կորուստ, մենք մի հրաշալի սերունդ կորցրեցինք։ Մեր ընտանիքի հույսը, մեր սփոփանքը դարձավ մեր 4-րդ թոռնիկը, որը ծնվեց անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին և անվանակոչեցինք Մոնթե։ Եվ վստահ եմ, որ վաղը մեր երկրի զինվորն է լինելու»,- հարցազրույցում ասաց Գրիգորյանը։

«Շատ հեշտ է հայ ծնվելը, հայ ապրելն է շատ դժվար։ Հայը պետք է լինի պատվախնդիր, կապված իր ավանդույթներին, իր պատմությանը։ Հայը լինելը պարտավորեցնող է»,- նշեց Դավիթ Գրիգորյանը։

«Ես չեմ համակերպվում, չեմ հավատում, որ սա իրականություն է, այսպիսի ավարտ երբեք չէի պատկերացնի։ Ցավոք սրտի իրականության հետ առերեսվում ենք, մեր պատմության մեջ ամենամեծ աղետն էր որ տեղի ունեցավ, մեր ազգի մեր պետության համար։ Անդառնալի ոչինչ չեմ համարում, անդառնալի են միայն մեր տղաները, որոնք արյուն թափեցին, որոնք զոհվեցին»,- նշեց Դավիթ Գրիգորյանն՝ անդրադառնալով արցախյան երրորդ պատերազմին և հավելեց, թե պատերազմը ինչ հետևանքներ թողեց, և թե որքան ընտանիքներ քայքայվեցին, որքան տղաներ հաշմանդամ դարձան, որքան աղջիկներ առանց ամուսիններ կմնան։

«Մեզ անհրաժեշտ է համախմբում ազգային գաղափարախոսություն կրող ուժերի շուրջ»,- խոսելով սպասվող քաղաքական պրոցեսների մասին՝ ասաց նա։
Նա նաև անդրադարձավ արտագաղթին։

Ավելի մանրամասն դիտե՛ք Yelaket TV- ում։
Դիտվել է 71156անգամ
Վերջին լուրեր