21 / Ապրիլ / 2020 : 22-35

«Փորձում ենք մեր հնարավորությունների շրջանակներում մեր համեստ լուման դնել անվտանգության և բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում». Դավիթ Թորոսյան

Yelaket.am-ը զրուցել է «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Դավիթ Թորոսյանի հետ: Դ. Թորոսյանն արդեն տարիներ շարունակ խիստ կարևոր միջոցառումներ է ձեռնարկում (շահ չհետապնդող) Արցախի ՊԲ դիրքերի և դիրքապահների անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Վերջերս նա, մտահոգվելով համավարակի` Արցախում տարածման հնարավոր վտանգով, սկսել է ախտահանող միջոցներ ձեռք բերել և ուղարկել այնտեղ, որի շուրջ էլ զրուցել ենք նրա հետ:

1. Դավիթ, տարիներ շարունակ Դուք հնարավորինս օժանդակել եք Արցախի արտաքին պաշտպանությանը, համավարակի` Հայաստան մուտք գործելուց հետո սկսեցիք մտահոգվել նաև ներքին անվտանգությամբ: Ախտահանող հատուկ մեքենաներ և այլ միջոցներ ձեռք բերեցիք և ուղարկեցիք Արցախ: Ինչպե՞ս ծագեց գաղափարը, ե՞րբ և ինչպես իրականացրիք ծրագրի ամբողջական շղթան:

-Իհարկե, շնորհակալ եմ հնչցրած գնահատականների համար, սակայն կարծում եմ այն փոքր ինչ գերագնահատում է մեր աշխատանքը․ մենք փորձում ենք մեր հնարավորությունների շրջանակներում մեր համեստ լուման դնել անվտանգության և բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում։ Ինքս լինելով ազգային անվտանգության մասնագետ, անվտանգությանն սպառանլիք հանդիսացեղ արտաքին և ներքին գործոնները զուտ տեսական են և հատկապես, Արցախի պարագայում։ Անվտանգությունը կոմպլեքս համալիր է և հենց դա է պատճառը, որ չնայած վիրուսը առերևույթ կապ չուներ Զինված ուժերի՝ բանակի հետ, այնուամենայնիվ, մեր թիմով և գործընկերների հետ, ներգրավվեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերին։ Ինչպես միշտ, ոչ թե ուղարկեցինք, այլ անձամբ ամեն ինչ տեղափոխեցինք և հանձնեցինք Արցախի համապատասխան մարմիններին։ Ծրագրի ամբողջական շղթան և ծավալները ներկայացնելու համար դեռ վաղ է, քանի որ ծրագրերը շարունակվում են, սակայն կարող եմ նշել, որ տրամադրված օժանդակությունը արդեն հատել է 4․000․000 դրամի շեմը։ Արդեն իսկ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցից մեկը ուներ նախապատրաստական(կանխարգելիչ) բնույթ և իրականացվեց քանի դեռ չկային վարակվածներ Արցախում, իսկ 2-րդ փուլը արդեն վարակակիրների առկայության ժամանակ։ Գաղափարը ծագեց ինձ մոտ, կոնսուլտացիաներ իրականացրեցինք մեր գործընկեր «Հայ վիրավոր հերոսներ (Armenian wounded heroes fund)» հիմնադրամի ղեկավար Ռազմիկ Արզումանյանի հետ, ստացանք դրական պատասխան և սկսեցինք համատեղ հերթական ծրագիրը։

2. Կմանրամասնե՞ք` ինչ մեքենաների մասին է խոսքը, քանիսն են դրանք, և 24 ժամվա ընթացքում ինչ ծավալի աշխատանք կարող են իրականացնել:

-Տեխնիկական միջոցները, որոնք տրամադրվել են, 3 մոդելի են, որոնք ունեն կիրառման տարբերություններ, սակայն բոլորը ունեն բարձր էֆեկտիվություն։ Տեխնիկական միջոցները բավականին հզոր են և կարող են աշխատել անդադար բավականին երկար և կանգ առնել միայն լիցքավորվելու համար վառելիքով և ախտահանող նյութով, որոնց տարաները 300 և 400 լիտր տարողությամբ են։ Կան նաև ինքնագնաց տեխնիկական միջոցներ, որոնք պետք է վարորդը պարզապես վարի անհրաժեշտ տարածքով և մեքենան իր հզոր շիթով, բավականին մեծ շառավղով ախտահանում է իրականացնում։

3. Արցախի ո՞ր հատվածում են գործում և գործելու այդ մեքենաները:

-Մինչ այժմ հատկացված բոլոր միջոցները մենք հանձնել ենք ի տնօրինություն Արցախի առողջապահության նախարարությանը, և նրանք են որոշում ըստ անհրաժեշտության որ վայրերում իրականացնեն ախտահանումներ․ դա խիստ մասնագիտական կոմպետետություն պարունակող հարց է, որը մեր լիազորությունների շրջանակում չէ։ Այժմ աշխատանքներ են տարվում հերթական խմբաքանակ օժանդակությունը տրամադրելու ուղղությամբ, որը բարեհաջող իրագործելուց հետո, գրեթե բոլոր խոշոր շրջանները կապահովվեն և ամբողջ Արցախով աշխատանք կիրականացվի։

4. Ձեր հայտարարած դրամահավաքին ովքե՞ր մասնակցեցին. հայտնի անուններ կա՞ն:

-Ինչպես միշտ մեր դրամահավաքները բաց են, թափանցիկ և հաշվետու։ Ովքեր չեն ցանկացել մնալ անհայտ, բոլորի անունները և գումարների չափերը նշված են մեր կայքում։ Իհարկե հայտնի մարիդկ կան, բայց չէի ցանկանա առանձնացնել անուններ, քանի որ մեզ համար կարևոր և թանկ է ամեն լուման։

5. Առաջիկայի համար նմանատիպ ինչ նոր ծրագրեր կան:

-Ինչպես նշեցի, հերթական և ամենամեծ ծավալի փուլի իրականցման ուղղությամբ ենք աշխատում, որի մասին ևս, հրապարակային կտեղեկացվեն բոլորը, սակայն ամեն դեպքում մենք պահպանելու ենք մեր ուղղվածությունը, մնալով ռազմահայրենասիրական ՀԿ և այս փուլի բարեհաջող ավարտից հետո, եթե չլինի կրիտիկական անհրաժեշտություն, շարունակելու ենք մինչկորոնավիրուսյան շրջանի գործունեությունը, իսկ ծրագրեր կան մշտապես։

6. Այս ընթացքում առաջնագծի հետ կապը նախկինի պես պահպանվու՞մ է, թե՞ ոչ:

-Մեզ համար ոչ մի խոչընդտ արգելք չէ առաջնագծի հետ կապը ընդհատելու համար։ Կապ պահպանվում է միշտ, թե՛ զինվորների, թե՛ սպաների և թե՛ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։ Այս փուլում, իհարկե ֆիզիկական այցերը արգելված են, սակայն տեղեկատվություն մենք ունենք մշտապես։ Աստված պահապան մեր հայրենիքին։

Զրուցեց Գևորգ Գյուլումյանը

Author's cover photo
Ամսաթիվ 21 / Ապրիլ / 2020 : 22-35
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 37345անգամ
Վերջին լուրեր