Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2021 : 17-12

Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին

Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես:

«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ:

Նրա խոսքով՝ հակառակորդի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ: «Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանն ընդունում է՝ խնդիր կա, բայց դա այն խնդիր չէ, որի համար մարդկանց վախի մեջ պահեն: «Պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,-ասաց Քոչարյանը:

Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել: Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Դիտվել է 30568անգամ
Վերջին լուրեր