Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2021 : 19-40

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում․ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում։
«ՀՀ ԶՈւ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։

Հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության և փոխհրաձգության դեպքեր չունենք,

ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և այս միջոցները մենք ձեռնարկում ենք՝ որպես ՀԱՊԿ անդամ։ ԱԽ նիստը կշարունակվի դռնփակ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 46176անգամ
Վերջին լուրեր