Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2021 : 17-26

Արտիստը պետք է լինի հնարավորինս զարգացած և ինքն իր վրա աշխատի ամեն օր

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի զրուցակիցն է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը ռուսական հեռուսաշոուում տարած հաղթանակի, մրցակիցների, ոգեշնչման աղբյուրի և մշտական հաջողությունների մասին:

-Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Ну-ка, все вместе!» ռուսական հեռուստաշոուին:
-Մրցույթին հետևում եմ դեռ առաջին եթերաշրջանից,սակայն կարողացա մասնակցել միայն երրորդ եթերաշրջանին: Կարծում եմ՝ այդպես էլ պետք էր ու ստացվեց այնպես , ինչպես որ ի վերուստ գրված էր: Մասնակցեցի, որովհետև ունեի նման հարթակի կարիք:

-Ի՞նչ կասեք ձեր մրցակիցների մասին:

-Այս եթերաշրջանը միջազգային էր: Միայն այն,որ բրիտանական և իտալական տարբերակների նույն մրցույթի հաղթող մասնակիցները եկել էին մասնակցելու, դա արդեն խոսում է մրցույթի լրջության մասին: 2 մասնակիցներն էլ եզրափակչում էին, իսկ այնտեղ հավաքվել էին հատկապես լավագույնները:Իրենցից յուրաքանչյուրն ուներ իր տեսակը, գույնը, վիճակը: Եզրափակչի օրը կուլիսային աշխարհում գիտակցում ու հասկանում էի՝ որքան դժվար է լինելու:Սակայն ուզում եմ ուրիշ կարևոր հատկանիշ ընդգծել:Մրցույթում մարդկային ֆակտորը առաջնային էր: Առաջին անգամ շոուբիզնեսյան աշխարհում,այն էլ մրցույթ ֆորմատում, ես մրցակից մարդկանց կարող եմ անվանել ընկերներ, քանի որ մենք հիմա էլ շփվում ենք,իրենք տեղադրում են իմ ելույթները իրենց սոցիալական կայքերում:Կարծում եմ՝ դրանից մեծ պատվի չէի կարող արժանանալ:
-Բացի ֆինանսական մեծ աջակցությունից՝ ի՞նչ հնարավորություններ բացեց ձեր առջև:

-Այս մրցույթում ես այնպիսի ձեռքբերումներ ունեցա, որ դրամական օժանդակությունը մղվեց երկրորդ պլան: Ռուսական աուդիտորիայի կենտրոնում լինելը, նրանց կողմից գնահատվելը, լայնամասշտաբ հանդիսատես ունենալը մեծ պատիվ էր ինձ համար: Բացի այդ «Новое Радио» -ն ինձ տրամադրել է երգ, որի աշխատանքները մենք վերջացրել ենք, շուտով կլինի պրեմիերան, կարող եմ թվել անթիվ-անհամար հաջողություններ, բայց ամենակարևորն այն էր, որ ես առաջին անգամ հաղթեցի ինքս ինձ,սրանից ավել ոչինչ չի կարող լինել:

-Ի՞նչը ձեզ դուր չեկավ մրցույթում:

-Չի եղել այնպիսի բան,որ ինձ մրցույթում դուր չգար:Գուցե եղել են ինչ- ինչ երևույթներ, որ կարող էր դուր չգալ,սակայն ես այնքան եմ կենտրոնացած եղել իմ մրցույթի վրա, որ նման բան չեմ հիշում:
-Ի՞նչն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Բարդ հարց է, երևի թե սիրված լինելու, անընդհատ ինձ բացահայտելու հատկությունը, չհասցնելու վախը, կոնկրետ մեկ ոգեշնչման աղբյուրի հետ պայմանավորված չէ:

-Համամիտ եք, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում:

-Այնքան էլ համամիտ չեմ:Եթե ինչ-որ ճյուղի մեջ պրոֆեսիոնալ է, մյուսներին կարող է պարզապես տիրապետել:Ես իմ գործի գիտակն եմ,սակայն ես ինձ ամեն ինչում չեմ համարում տաղանդավոր:

-Երգչուհին պե՞տք է լինի բազմակողմանի զարգացած, թե՞ միայն բնատոր տվյալներն են կարևոր:

-Շատ խիստ եմ մոտենում այս հարցին: Ինքս իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ:Այո՛,պետք է լինի գրագետ, լայն մտահորիզոն ու հոգևոր թռիչք ունենա, էլ չեմ խոսում ֆիզիկական կոկիկության ու կեցվածքի մասին: Արտիստը պետք է լինի հնարավորինս զարգացած և ինքն իր վրա աշխատի ամեն օր:
-Համամի՞տ եք, որ մշտական հաջողությունները թուլացնում են արվեստագետին:

-Շատ ինդիվիդուալ է, կախված է մարդու խառնվածքից ու վիճակից,եթե դու թույլ կերպար ես,5 տոկոս հաջողությունից էլ կարող ես թուլանալ:Այսինքն՝ եթե այս բանաձևով վերցնենք,ես չէի մասնակցի այս մրցույթին և չէի ունենա հաղթանակ:

-Հանուն սիրո պատրա՞ստ եք թողնել երգարվեստը:

-Քանի որ իմ կյանքում դեռ չեմ ապրել իրական սեր ասվածը, ապրել եմ հրապուրանք, կապվածություն, սիրուն թռիչքներ, բայց սեր որպես այդպիսին երբեք չեմ ապրել և չունեմ այդ մարդուն իմ կողքին, չեմ շտապի հստակ պատասխան տալ:Սակայն ես այն մարդը չեմ, որը կարող է թքած ունենալ իր ապրած կյանքի,տանջանքների վրա, մոռանալ իր դաժան օրերը, աշխատանքը և այլն:Ես անչափ սիրահարված եմ իմ գործին:

-Ապագայի ի՞նչ պլաններ ունեք:

-Ես այն մարդն եմ, ով ապագայի պլանների մասին գրեթե չի խոսում,գործում է լուռ և եթե լինում է արդյունք, այդ մասին իմանում են բոլորը: Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 28458անգամ
Վերջին լուրեր