18 / Մայիս / 2021 : 12-13

Արեգասարի գրոհը. Հոկտեմբերի 5

Արեգա սարի գրոհը

Հոկտեմբերի 5,
Կամազը լեռնային ճանապարհով արագ սլանում էր, որ հակառակորդը չկարողանար խոցել։ Վերջապես հասանք հրամանատարական կետին, բեռնատարի բորտը բացվեց ու սկսեցինք հերթով դուրս ցատկել: Եկավ իմ հերթը և ծանր գնդացիրը փոխանցեցի արդեն իջած ընկերոջս և ցինկերը ուսիս գցած ցատկեցի ներքև: Օրը անձրևային էր, երկար փնտրելուց հետո գտա չոր տեղ ու գնդացիրիս ոտքերը բացած դրեցի ուսիցս կախած ցինկերի հետ և գնացի բեռնատարի թափքից մյուս ցինկերը բերելու քթիս տակ բողոքելով, որ Քեռին այս մեծ ու ծանր գնդացիրը ինձ է տվել: Փամփուշտներս բեռնատարից դատարկելուց հետո մոտեցա հրամանատարական կետին, որի մոտ հավաքվել էին սպասվող գործողության մասնակիցները՝ հատուկ նշանակության խմբի մարտիկները, հետախուզական վաշտի ժամկետային զինվորները և մեր տղաները: Քյոխը խմբերի հրամանատարներին իր մոտ էր կանչել և վերջին հրահանգավորումն էր տալիս: Իմ անմիջական հրամանատարը Մենուան էր, մեր խմբի առջև առաջադրանք էր դրված կտրել հակառակորդի թիկունքը և թույլ չտալ հակառակորդին «Կայծակներից» օգնություն գա: Հրահանգավորումից հետո սկսեցինք զինվել՝ ում սիրտը որքան տալիս էր արկղից փամփուշտներ, նռնակներ ու նռնակատետի կրակոցներ էր վերցնում: Մինչև ականջները զինվելուց հետո, Քյոխը հավաքեց բոլորիս հեռախոսները, որ գործողության գնալու ընթացքում պահի իր մոտ:

Փոքրիկ մեքենաներով մեզ սկսեցին շատ արագ տեղափոխել առաջնագծի 106-րդ մարտական դիրքը, որտեղ նախորդ օրերին թշնամու առաջխաղացումը կասեցվել էր և բազմաթիվ զոհեր տալով հետ էին շպրտվել: Մենք գնում էինք նախորդ օրերին մեր կորցրած կարևորագույն բարձրունքը՝ Արեգասարը, որի գագաթից թշնամու կողմից գրավված Թալիշն ու Մատաղիսը կարծես ափի մեջ լինեին հետ վերցնելու:
Մեր մեքենայի ուշանալու պատճառով՝ 106 դիրք հասանք այն ժամանակ, երբ արդեն հատուկ նշանակության խմբի մարտիկները կամբատի գլխավորությամբ ականադաշտը բացել էին և շարժվում էին առաջ: Արագորեն միացանք գրոհային համահավաք խմբի մարտիկներին: Դիրքից հազիվ մի քանի քայլ էինք գցել, ինչ բացվեց զարհուրելի տեսարանը՝ ճանապարհի երկայնքով թափված էին թշնամու հարյուրավոր դիակներ:
Կամբատը շտապեց զգուշացնել մեզ, որ մարմինները հնարավոր է ականապատված լինեն ուստի չմոտենանք: Զարմանքիս չափ չկար, երբ դիակներից մեկի մոտ ափսեով միրգ տեսա մեծ նռեր, կամբատը քթի տակ ծիծաղելով հեգնեց՝ սինիով եկածը դրանց հրամանատարն էր, բայց դա էլ չփրկեց իրեն: Առավոտյան ժամը 10֊ն էր, սակայն օրը անձրևային էր ու մառախուղի պատճառով ճանապարհը Արեգայի գագաթից, որտեղ դիրքավորված էր թշնամին չէր երևում: Հասանք մեր թողած առաջին դիրքին 105-ին, որը փաստացի դարձել էր նեյտրալ տարածք: 105-ից ճանապարհը թեքվում էր աջ և բաց լանջն ի վար երկար ձգվում էր մինչև մեր հաջորդ թողնված դիրքը 104-ը: Չհասած 104-րդ դիրք, ճանապարհին կանգնած էր խփված БМП 2 զրահափոխադրիչ փողը, ուղղած 106-րդ դիրքի կողմ, օրեր առաջ, երբ թշնամին փորձ էր արել Արեգան գրավվելուց հետո զարգացնել հաջողությունը նրանց առաջխաղացումը կասեցվել էր հենց այս հատվածում: 104-րդ մարտական դիրքի վրա երևում էին մի քանի օր առաջ մղված մարտի հետքերը՝ արկի պայթյունից գետնատնակի ընկած գերանները և պատին ասես սեպեր դաջված փամփուշտների հետքերը:
104 մդ-ից ճանապարհը թեքվում էր դեպի ձախ և հասնում մինչև 103 մդ տանող խաչմերուկ, որտեղից կար 3 ճանապարհ և 3 ճակատագիր: Մինչև խաչմերուկ հասնելը նկատեցի պայթած տանկի անիվը, այնուհետև ցեփեր, իրանը և մնացած մասերը այս տանկը նույնպես վերջին օրերի կռիվների արդյունքում հօդս ցնդած ռազմական տեխնիկաներից էր:

Խաչմերուկից դեպի ձախ ներքև ճանապարհը տանում էր 103 մդ, որտեղ մեր թիկունքը ապահովելու համար տեղակայվեցին մեր ջոկատի տղաների մի խումբը, ուղիղ ճանապարհը տանում էր արդեն թշնամու ձեռքն անցած 102 մդ, որտեղից սպասվում էր հակառակորդի հիմնական տանկային հակագրոհը, իսկ դեպի աջ՝ դեպի Արեգայի «Բարձունք», տանում էր մեր ճակատագրի արահետը, որով պետք էր քայլեինք մահվան ու կյանքի սահմանագծով, քաջության ու վախկոտության ճանապարհով, անձնազոհության և նվիրումի ուղղով:
Հազիվ էի հասցրել խաչմերուկից մի քանի քայլ անել դեպի «Բարձունք», երբ ոտքս սայթաքեց և ծանրության տակ ճողվելուց համազգեստս ներքևից մինչև գոտկատեղս պատռվեց: Արագորեն գրպանիցս հանեցի բինտը և ոտքիս փաթաթելով շալվարս սկսեցի ամրացնել մարմնիս, այս տեսնելով մեր խմբի հրամանատարը՝ Մենուան, մոտեցավ ինձ և իր յուրահատուկ հումորային ոճով ականջիս տակ շշնջաց՝ քո տեղը մեր խմբի հետ վերև թող Միքոն՝ մյուս պեկայիստը գա, ինչը ես կտրականապես մերժեցի և շալվարս կարգի բերելով շարունակեցի քայլել:
Ճանապարհը գնալով ավելի դժվար էր դառնում քանզի բարձրանում էինք դեպի Արեգասարի գագաթը: Մառախուղ էր և տեսանելիությունը չէր գերազանցում 50 մետրը: Հակառակորդը գտնվելով մեզանից մի քանի հարյուր մետր վերև և մառախուղի պատճառով չտեսնելով շրջակայքը՝ վախից անկանոն կրակում էր տարբեր ուղղություններով, սա հասկանալով հատուկ նշանակության խմբի հրամանատարը մեզ հրամայեց ոչ մի դեպքում կրակ չբացել մինչև հակառակորդի հետ անմիջական կրակային ներգործությունը:

Ինչքան ավելի էինք մոտենում բարձունքին՝ հակառակորդի ռազմական տեխնիկայի ձայները ավելի լավ էին լսվում և ամեն անգամ ձայնի մոտենալուց ստիպված էինք լինում պառկել, որ հակառակորդը չնկատի մեզ: Գագաթին մոտենալիս բարձրունքը ավելի կտրուկ էր դառնում և քանի որ մոտեցել էինք հակառակորդին օգնականս արդեն իր զենքը իջեցրել էր ուսից և ծանր գնդացիրս, որը լիցքավորված 13 կգ էր և մնացած ցինկերն ու պայուսակս հազիվ էի տանում հետս: Վերջնամասում արդեն ուժերս սպառվել էին և միայն Մենուային ասած խոսքս՝ մինչև վերջ կձգեմ, ու տղերքից հետ չմնալու ամոթն էին ստիպում ինձ շարունակել քայլել: Տեղացող անձրևը ճանապարհը վերածել էր մի իսկական ցեխի։ Սահադաշտի և հերթական սայթաքումից հետո զենքիս փողը դիպչեց գետնին և փողը ամբողջովին ցեխով լցվեց: Մի քանի քայլ և խմբին տանող ավանգարդը ձեռքի շարժումով նստելու հրաման տվեց, ինչը նշանակում էր հակառակորդ է նկատել: Քիչ վերևից լսվում էր հակառակորդի ռազմական տեխնիկաների ձայները, որոնք անցնում էին մեզանից մի քանի տասնյակ մետր այն կողմ: Ես այնքան հոգնած էի, որ նորից կանգնել չկարողանալու վախից չնստեցի և հենվեցի ճանապարհի կողքի ծառին, մի ճյուղ պոկելով, սկսեցի փողի միջից չոփով ցեխը հանել ու մտքումս ինձ անիծել, որ անկուշտի պես այդքան փամփուշտ ու նռնակներ եմ լցրել պայուսակս:

Քիչ անց հակառակորդի տեխնիկայի անցնելուց հետո հատուկ նշանակության ջոկատի տղաները առաջ շարժվելու նշան արեցին և արագորեն կարճ վազքով սկսեցին ճանապարհից դեպի անտառ բարձրանալ: Ես էլ չգիտեմ որտեղից իհայտ եկած ուժերով՝ սկսեցի կարճ վազքաքայլով գնալ նրանց հետևից, երբ մեր խմբից Լևոնը խբեց ուսիս նշան անելով, որ սխալ տեղ եմ գնում՝ դա գրոհային խումբն է, իսկ մեր խումբը պետք է ապահովեր նրանց թիկունքը, հակառակորդի Կայծակներից հակագրոհելու դեպքում պետք է պահեինք հարձակվող խմբի թիկունքը: Լյովը հասկացրեց, որ մեր դարանակալման վայրը ուրիշ է և պետք է հետևեմ իրեն: Անտառից դուրս եկանք ճանապարհ և արագ քայլերով հասանք խաչմերուկին, որտեղից դեպի աջ բարձրանում էր վերև Արեգայի գագաթը, իսկ դեպի ձախ իջնում էր ներքև՝ Կայծակներ: Լյովը շշուկով ասեց, իջնում ենք ներքև Մենուան կանչում է և արագ քայլով մոտ 100 մետր իջնելով հասանք փոքրիկ բացատի, որտեղ հանդիպեցի Մենուային և մեր խմբի մյուս տղաներին, ովքեր կանգնած էին ճանապարհի մեջտեղում:
-Հոսո, դու ես միներից հասկանում, չէ՞,- հարցրեց Մենուան:

Այդ պահին մեզ մոտ եկավ Վիժիվշին՝ Գեղամը, ուսից իջնելով պայուսակը բացեց բերանը ինձ ցույց տալով պայուսակների պարունակությունը, մեկում ОЗМ 72 տեսակի հակահետևակային ականներն էին առանց պայթուցիչների, մյուսում՝ հակատանկային ականների պայթուցիչներն էին առանց ականների: Կարճ զննությունից հետո պարզ դարձավ, որ Կորուսյալի այդքան երկար ճանապարհ իր հետ քարշ տված զինամթերքը, որի ծանրության պատճառով չէր վերցրել նույնիակ իր ինքնաձիգը անպիտան էր: Համոզվելով, որ այդ զինամթերքից այդ պահին օգուտ չկա, Մենուան սկսեց դիրքավորել մեզ: Քանի որ ես գնդացրորդ էի, իմ կրակային դիրքը ընտրեցի բացատի ծայրին բոլոր տղաներից հետ, որ կրակի առավել մեծ սեկտր ունենամ: Քուրմը դիրքավորվեց ավելի առաջ՝ ընկած հաստաբուն ծառի կողքին, իսկ Լյովն ու Ծյոռկան նրանից մի քայլ աջ, մնացած տղաները՝ Վիժիվշին, Անդոն, Արտակը, Միրոն, Վահրամը, ու Կայծը կանգնած սպասում էին, որ Մենուան մեզ դիրքավորելուց հետո ընտրի իրենց կրակային դիրքերը: Հազիվ էի հասցրել բացել գնդացրիս, ոտքերը պառկել ու ուսիցս հանել պայուսակս և լիցքավորել գնդացիրս, երբ Մենուան, որ կանգնած էր ինձանից 3 մետր ձախ , մի փոքր ներքև և նայում էր հակառակորդի գալու հավանական ուղղությամբ՝ կտրուկ հետ դարձ արեց հանգիստ ձայնով ասելով.
֊ Հիմա դառնում ու խփում ենք սրանց...
Շարունակելի

Հովսեփ Ղազարյանի էջից
Դիտվել է 110448անգամ
Վերջին լուրեր