Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2021 : 19-46

Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին

Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրադրության կայունացման և այն բարօրության գոտու վերածելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբեր –նոյեմբեր ամիսների իրադարձություններից հետո լիարժեք երկխոսության և փոխվստահության վերականգնման ճանապարհին են:

«Ռուս խաղաղապահներն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը զբաղված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ: Ռուսական կողմն ակտիվորեն ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը: Կանոնավոր կապ ենք պահպանում Բաքվի և Երևանի հետ՝ ամենաբարձր և բարձր մակարդակներով»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ օպերատիվ կապ է գործում զինվորականների, սահմանապահ ծառայությունների և, բնականաբար, արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով:

Անդրադառնալով Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ միջադեպն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը որպես ժառանգություն մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- ընդգծել է Զախարովան:
Դիտվել է 62808անգամ
Վերջին լուրեր