27 / Մայիս / 2021 : 14-25

Այսօրվա մեր անգույն իրավիճակի պատճառը հենց պատմությունից դասեր առած չլինելու հետևանք է.
Դավիթ Գրիգորյան

Մարդկային սկզբունքների, ազգային արժեքների ու հարակից հարցերի մասին Yelaket.am-ը զրուցել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, արժեքների մասին վերջերս բոլորն են խոսում, կցանկանայինք լսել նաև Ձեր կարծիքը։

-Իմ կյանքում բացարձակ արժեքներ կան, որոնք ես սկզբունքորեն երբեք չեմ խախտում։ Ես կարծում եմ, որ դա պետք է ընտանիքի դաստիարակման հիմքերից մեկը լինի։ Մարդը պետք է ձևավորվի, որպեսզի իր տեսակի մեջ դառնա արժեք։ Մարդը համամարդկային՝ Աստծո կողմից ստեղծված բարձրագույն արժեք է, որի մեջ Աստված սեր է դրել, հենց այդ սերը մեծ գաղափար է՝ բոլոր դրսևորումներով՝ ծնողի, երեխայի, կնոջ, հայրենիքի, ընկերոջ հանդեպ։
-Եկեղեցին ինչ դեր ունի Ձեր արժեքային համակարգում։

- Եկեղեցին մեր հոգևոր տունն է, դա այն սուրբ վայրն է, որտեղ մենք կարողանում ենք խոսել Աստծո հետ։ Այսօր համարյա ամբողջ քաղաքակիրթ աշխարհը քրիստոնյաէ և մենք էլ 1700 տարի ավել քրիստոնյաներ ենք, կարծում եմ, որ եկեղեցին այն արժեքներից մեկն է, որ մենք երբեք չպետք է քննարկման դնենք․ եկեղեցին կոփված, փորձված և ժամանակը հաղթահարած արժեք է։ Այն պետք է լինի մեր մեջ արմատավորված արժեքներից մեկը։ Ճիշտ է, այսօր կրոնի ազատություն են քարոզում, բայց մենք պետք է դուրս լինենք քարոզի այդ շրջանակներից, որովհետև մեր արժեքն ամենահինն ու ամենափորձվածն է։
-Ասում են՝ ացյալի պատմության լավ իմացությունը թույլ է տալիս խուսափել ապագայի մեծ սխալներից, համամի՞տ եք այս մտքի հետ։

-Պատմությունն է ինձ համար կարևորագույն արժեք, և ես գտնում եմ, որ պետք է արժեք լինի բոլորի՝ մեր ներկա և գալիք սերունդների համար։ Մեր պատմությունն ունի վերելքների ու անկումների բազմաթիվ դրվագներ, այսօր մենք մեծամասամբ հայրեզրկված ենք, բայց մեր պատմությունն իր խորքում անհամար համամարդկային արժեքներ ունի, որոնց հետ հաշվի է նստում ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Մեր պատմությունն այնքան հզոր է, այն խորն ու բովանդակային, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ տասնամյակներ շարունակ ծախսած միլիարդները չեն կարողանում ստվերել այն։ Մեր մշակութային արժեքների մեծ մասն այսօր, ցավոք, ոչնչացված է, բայց եղածով էլ մենք անմրցելի ենք։ Պատմությունն ուսուցիչ է, որից ամեն օր դասեր պետք է առնենք, այսօրվա մեր անգույն իրավիճակի պատճառը հենց պատմությունից դասեր առած չլինելու հետևանքով է։

Թեմային առնչվող դիտեք նաև սա
Դիտվել է 78088անգամ
Վերջին լուրեր