27 / Մայիս / 2021 : 16-18

Ադրբեջանին 1 ժամ էինք տվել մեր զինվորներին վերադարձնելու համար. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին 1 ժամ ժամանակ էր տվել։

«1 ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի դուրս են եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում, ներկայացրել, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում և քննարկում մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել»,- նշեց Ասրյանը։

Նրա խոսքով՝ գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի մասին չի կարող բարձրաձայնել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում
Դիտվել է 35006անգամ
Վերջին լուրեր