28 / Մայիս / 2021 : 17-47

Փաշինյանը նշեց, թե երբ կինտենսիվանա գերիների վերադարձի գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Մեզ շատ դաժան ճակատագիր է բաժին հասել. մեկ-մեկ ուզում եմ հասկանալ, թե ինչու այս ամենը պետք է տեղի ունենար մեզ հետ, ինձ հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ-մեկ երբ զոհվածների կամ անհետ կորածների հարազատների հետ հանդիպում եմ, երբեմն բորբոքվում են, ասում են՝ դուք ի՞նչ գիտեք, դուք մեր ցավը չեք զգա: Ես մեկ-մեկ լուռ, խոնարհ տանում եմ, բայց մի անգամ ինձ թույլ տվեցի ասել՝ բայց ի՞նչ գիտեք: Ասացի՝ ձեր տառապանքը մեկ հոգու համար է, իմ տառապանքը 4 հազար հոգու համար է: Ես այս ընթացքում ապրել եմ եւ շարունակում եմ ապրել այն զգացողությամբ, որ 4 հազար որդի եմ կորցրել: Այստեղ չկա ոչ մի չափազանցություն: Վկա է Աստված, որ ես ոչ մի բան չեմ ձեռնարկել, որպեսզի Ջաբրայիլի հատվածներում, որը եղել է մեր զոհերի մեծ մասը, որեւէ զինվորի այլ կերպ չեմ վերաբերվել, քան իմ որդուն»,-ասաց նա:

Փաշինյանը պատմեց, որ անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ պատերազմի ժամանակ իր որդու ճակատագրով հատուկ չի հետաքրքրվել. «Եթե հետաքրքրվեի, կստացվեր, որ տարբերակում եմ զինվորներին»:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Փաշինյանն ասաց. «Գերիների վերադարձի եւ ընտրությունների միջեւ կապի առումով որոշակի տրամաբանություն կա: Ես համոզված եմ, որ ընտրություններից հետո գերիների վերադարձի գործընթացը կինտենսիվանա: Որովհետեւ գերիների գործոնը եւ մյուս գործոնները օգտագործում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Նաեւ դա է պատճառը, որ չեն վերադարձնում: Այս գործոնը ընտրություններից հետո բնականաբար նվազելու է, եւ դրա համար տեմպը որոշակի կավելանա»:
Դիտվել է 27698անգամ
Վերջին լուրեր