03 / Հունիս / 2021 : 17-19

Այո՛, ես ներողություն եմ խնդրել. Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Այո, ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո նաև որոշակի գործողություններ են իրականացվել. Կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիերը և մասունքերը ոչ պատշաճ վիճակում պահելուն։

«Քննություն կընթանա, կբացահայտվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատասխանատվություն»,– ասաց նա։

Հարցին՝ մինչև ստորին օղակների աշխատողներին պատասխանատվության ենթարկելը, արդյոք ինքը՝ նախարարը իրեն մեղավոր չի համարում տեղի ունեցածի կապակցությամբ, Ավանեսյանը պատասխանեց․ «Միանշանակ ես որպես քաղաքական պատասխանատու անձ, միանգամից արձագանքել եմ, այո՛, ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ բոլոր անձինք, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն: Ընթանում է քննություն, երբ այն ավարտական եզրակացությամբ լինի, թող ընթացքը լինի այնպես, ինչպես կլինի»։

Հարցին՝ միայն ներողություն խնդրելով է սահմանափակվելու, Ավանեսյանը պատասխանեց․ «Երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել, այո՛, ես ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին։ Բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում։ Չի կարելի մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի վրա»:
Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հավելելով, որ բացթողումը նրանում է, որ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել։
Դիտվել է 7080անգամ
Վերջին լուրեր