14 / Հունիս / 2021 : 11-25

«Երևանի մետրոպոլիտենը մի մեծ ընտանիք է, քաղաք՝ քաղաքի տակ»․ Դավիթ Գրիգորյան

Մետրոպոլիտենը որևէ մեկի բիզնեսը չէ, դա շքեղություն է յուրաքանչյուր քաղաքի, այդ թվում՝ մեզ համար։ Այս մասին Yelaket.am-ի հետ զրույցում ասել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Գրիգորյանը, որը հպարտությամբ է հիշում 2012-2017 թվականները, երբ գործունեություն է ծավալել Երևանի մետրոպոլիտենում։


Վերջինս պատմեց, թե ինչպես է քաղաքապետ Տարոն Մարգարյանից ստացել Երևանի մետրոպոլիտենում աշխատելու առաջարկը և դժվարությամբ է համաձայնվել, սակայն հետագայում հասկացել է այդ կառույցի և իր կատարած աշխատանքի ամբողջ կարևորությունը։ «2012-2013թթ․-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինձ առաջարկեց, որ ես տեղափոխվեմ Երևանի մետրոպոլիտեն։ Կարող եմ ասել նաև, թե ինչու․ Երևանի մետրոպոլիտենը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ամենամեծ կառույցներից մեկն է և այնտեղ աշխատելու համար պետք է լավ թիմ ունենալ՝ պրոֆեսիոնալներ, ազնիվ և հավատարիմ մարդիկ։ Տարոն Մարգարյանն ինձ առաջարկեց գնալ այդ մեծ կառույց, սակայն սկզբում ես ստիպված էի մերժել, քանի որ մտածում էի, որ չեմ կարող մի ոլորտի պատասխանատու պաշտոնում լինել, որից ես բացարձակ գաղափար չունեմ, իսկ մետրոպոլիտենը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ է և այնտեղ շատ խիստ մասնագիտական կառույցներ են ներառված։ Ի վերջո, մենք եկանք ընդհանուր հայտարարի․ ես չունեմ այդ կոմպլեքսները պաշտոնի բարձր կամ ցածր լինելու հետ կապված, կարևորը ես կարողանամ օգտակար լինել և ես համաձայնվեցի աշխատել տնօրենի տեղակալի պաշտոնում»,– մեզ հետ զրույցում պատմեց Դավիթ Գրիգորյանը։
Վերջինս ընդգծեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենն ունեցել է 4 տեղակալ, որոնք համակարգել են տարբեր աշխատանքներ և ինքը համակարգել է ֆինանսատնտեսական մասը։ Դավիթ Գրիգորյանը նշել է․ «Այդ պաշտոնում եղել եմ մոտ 1 տարի և կես։ Այդ ընթացքում ես հասցրել եմ ծանոթանալ մետրոպոլիտենի կառուցվածքի, գործունեության մոտ 70 տոկոսին։ Այնուհետև ինձ առաջարկվեց մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, վստահ եմ՝ նաև աշխատակազմն է ողջունել այդ որոշումը։ Ես կարևորել եմ աշխատակազմի հետ հարաբերությունները, քանի որ որտեղ էլ աշխատես կոլեկտիվը պետք է քեզ ընդունի։ Եթե քեզ չեն ընդունում, ապա և՛ նրանք արդյունավետ չեն աշխատի, և՛ հաստատ դու ես վատ աշխատելու այդտեղ, լինելու է անառողջ մթնոլորտ։ Իմ պարագայում նման հարց երբեք չի առաջացել։ 2014թ․-ից աշխատել եմ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի պաշտոնում մինչև 2017թ․-ի հունվարը»։
Դավիթ Գրիգորյանը, որը 5 տարի գործունեություն է ծավալել այդ կառույցում, իսկապես հոգացել է կառույցի կայացման և զարգացման խնդիրների մասին, այսօր հպարտությամբ է վերհիշում այդ ժամանակաշրջանը, աշխատակիցներին և ներդրված ջանքերը։

«Մետրոպոլիտենն իրականում միայն այդ վագոնները չեն, որ մեզ տեղափոխում են․ այն շատ հետաքրքիր կառույց է, կարելի է ասել՝ քաղաքի տակ մի ամբողջ քաղաք։ Այդ կառույցի ներսում աշխատում են 1200 մարդ, որոնց մեծամասնությունը կարելի է ասել ժառանգել են այդ աշխատանքը»,– ասել է նա։
Պարոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում խոսել է նաև աշխատանքի դժվարությունների մասին։ Վերջինս ընդգծեց, որ մետրոպոլիտենն ինքն իրենով գայթակղիչ աշխատանք չի համարվում շատ-շատերի համար, բայց այն մարդիկ, որոնց ծնողներն այնտեղ աշխատել են, տեսել են այդ աշխատանքը, այն դարձել է իրենց համար հարազատ։ Պարոն Գրիգորյանը կարևորում է նաև, որ նրանք բոլորը հայրենասերներ են, քանի որ այդ մարդիկ աշխատում են գետնի տակ, առողջությամ համար վտանգավոր վայրում, սակայն կատարում են կարևորագույն աշխատանք։
«Սկզբում շատերը հրաժարվում էին աշխատել այստեղ, բայց ես բոլորին ասում էի՝ «լսի՛ր, երբ գաս աշխատելու, կսիրահարվես մետրոպոլիտենի վրա ու չես ուզի գնալ», որովհետև Մետրոպոլիտենի խնդիրներն արդեն դառնում են քո խնդիրները, երբ հասկանում ես, թե ինչ կարևորություն ունի այդ կառույցը։ Բացի այդ, այն նաև շատ մեծ ապաստարան է համարվում մեր քաղաքի համար, ունի իր բազում խնդիրները, որոնք լուրջ ներդրումների կարիք ունեն։ Իմ աշխատանքի արդյունքում ես փորձել եմ այդ խնդիրները հնարավորինս լուծել, և կարծում եմ, բավականին բաներ հաջողվել է ինձ մոտ»,– պատմել է Դավիթ Գրիգորյանը։

Վերջինս եզրափակեց՝ ասելով, որ իր գործունեության տարիներին թարմացվել է Մետրոպոլիտենի շունչը, վեր են հանվել խնդիրները ու ներկայացվել համապատասխան մարմիններին՝ քաղաքապետարան, կառավարություն և մինչև անգամ նախագահ։
Դիտվել է 20655անգամ
Վերջին լուրեր