Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2021 : 17-06

Ինչ է սիբիրյան խոցը. հիվանդության տեսակները, ախտանշաններն ու վարակման միջոցները

Սիբիրյան խոցը վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը են հանդիսանում խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը, հաղորդում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդության ընթացքում կենդանիներն արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, ինչն էլ դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:

Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աերոզոլներ շնչելու հետևանքով:

Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի:

Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև.

Մաշկային. ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով: Ախտանշաններն են տենդը, մանր բշտերի և խոցերի խումբը, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոցը՝ սև կենտրոնով, խոցի շուրջն առաջացած այտուցը:



Ստամոքսաղիքային. զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Ախտանշաններն են տենդը, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուցը, կոկորդի ցավը, ցավոտ կլման ակտը, խռպոտությունը, սրտխառնոցը և փսխումը (հատկապես՝ արյունային), դիարեան կամ արյունային լուծը, գլխացավը, որովայնի ցավը, ուշագնացությունը, որովայնի (ստամոքսի) այտուցը:

Ինհալյացիոն. զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Ախտանշաններն են տենդը, կրծքավանդակում տհաճ զգացողությունը, հևոցը, գիտակցության խառնվածությունը կամ գլխապտույտը, հազը, ցավը կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոցը, փսխումը, գլխացավը, քրտնարտադրությունը (հաճախ՝ առատ), ծայրահեղ հոգնածությունը, մկանացավերը:

Ներարկումային. դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:

Ախտանշանները նման են մաշկային սիբիրյան խոցի ախտանշաններին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին օրերին սիբիրյան խոցով վարակման դեպքեր են գրանցվել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել գյուղի 7 բնակիչ: Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշեց վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք: Նրանց վիճակն այս պահին նորմալ է»:

Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են։
Դիտվել է 22116անգամ
Վերջին լուրեր