07 / Հուլիս / 2021 : 16-31

Ծեծում էին, ծաղրի էին ենթարկում, բայց այժմ լավ եմ․ BBC-ի հրապարակումը ադրբեջանական բանտից վերադարձած հայ զինվորների մասին

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հայ զինվորներ մի քանի ամիս է, ինչ գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ Բաքվում՝ ճաղերի հետևում։ Նրանք իրենց ընտանիքի անդամներին նամակով հայտնում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալու, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան՝ վերադարձնել իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին իրենց հայրենիք: Բայց իրավիճակը բարդ է։

Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ։ Նրանք մեղադրվում են զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո իբր թե «կատարված տարբեր հանցագործությունների» մեջ, գրում է BBC-ն: Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Բաքվի գերությունից վերջերս վերադարձած 26-ամյա Սեդրակ Սողոմոնյանյին, ով իր հայրական տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին: «Եվ հետո ինձ զանգեցին։ Անցակետում հերթափոխ էր», - ասում է Սեդրակի հայրը` Սամվելը:
«Նրանք ուզում էին կրտսեր որդուս նույնպես տանել, բայց ես նամակ գրեցի՝ մեկնաբանելով, որ չի կարելի միաժամանակ տնից երկու եղբայրներին տանել: Այսպիսով՝ նրանք տարան միայն ավագ որդուս»,-պատմում է Սամվել Սողոմոնյանը՝ Սեդրակի հայրը: Սեդրակ Սողոմոնյանը պատմում է, որ ինքն ու իր ընկերները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում: Պատերազմի ավարտին գյուղը գործնականում գտնվում էր առաջնագծում։ Ու մի օր էլ ադրբեջանցի զինվորականները մոտեցել են նրանց, առաջարկել զենքերը վայր դնել, որպեսզի իրենց հանձնեն ռուս խաղաղապահներին։ «Նրանք խաբեցին մեզ։ Նրանք մեզ Բաքու տարան»,֊պատմում է երիտասարդը։

Մեկ այլ արդեն նախկին ռազմագերի, ով խնդրում է իրա անունը չհրապարակել, պնդում է, որ ադրբեջանական բանտերում իրենց ծեծի ու ծաղրի են ենթարկել, ինչի մասին արգելել են գրել իրենց հարազատներին ուղարկվող նամակի մեջ։ «Ամեն օր մեզ հարցաքննում էին և նորից ծեծում, բայց արդեն ավելի դաժան, քան ռազմական ոստիկանությունում: Եվ հոկտեմբերի 29-ին մեզ տեղափոխեցին բանտ, ինչը տևեց 40 րոպե, և ամբողջ ճանապարհին նրանք մեզ հատկապես դաժանորեն ծեծեցին»,֊պատմում է Հակոբը՝ նախկին ռազմագերիներից մեը, գրում է BBC-ն: Պարբերականը նշում է, որ իրենց հարցմանը, թե քանի հայ ռազմագերի կա այժմ Բաքվում, Ադրբեջանի ԱԳՆ֊ն հրաժարվել է պատասխանել։
Դիտվել է 4835անգամ
Վերջին լուրեր