10 / Հուլիս / 2021 : 12-05

Քարահունջցի ամուսինները պատմել են՝ ոստիկանները իրենցից ցուցմունք են կորզել գյուղապետի դեմ (տեսանյութ)

Սունիքի մարզի Քարահունջ համանքի ղեկավար Լուսինե Ավետյանի գործով որպես վկա հարցաքննված ամուսինները «Զանգեզուր» հեռուստաընկերությանը պատմել են, որ ոստիկանությունում իրենց ձերբակալությունով վախեցրել են ու այդ կերպ ստիպել ցուցմունք տալ, որ գյուղապետարանից իրենց ստացած գումարը ոչ թե օգնություն է եղել, այլ կաշառք։

«Աշխատանքից եկա, տեսա կինս տանը չէ։ Հարևաններիցս հարցրի՝ ուր է կինս, ասում ա՝ տարել են բաժին։ Գնացի բաժին, գիշերը չորսին տասնհինգ պակաս հետ եկանք տուն։ Ասում ա՝ գրի, որ կաշառք ա, ասում եմ՝ կաշառք չի, ասում ա՝ ձերբակալեք մարդ ու կնոջը։ Ասում են՝ քաղաքապետն է տվել։ Ասում ենք՝ օգնություն է եղել, բայց դե իրենք պնդում են, որ կաշառք է»,- հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում պատմել է ցուցմունք տված տղամարդը։

Ամուսինները բարկացած են, որ ոստիկանները ստորագրություն են վերցրել նաև իրենց տասնյոթամյա տղայից․ «Ասում է գրի, գրած է, որ մաման փախուստի մեջ է, դու էլ տակը ստորագրի»։

Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է գտնվում։ Պատմում են, որ հաճախ են դրամական օգնություն խնդրել համայնքապետարանից։

«Ես մի անգամ էլ գնացել եմ Առուշի մոտ (խմբ. Գորիսի քաղաքապետ), Առուշն ինձ հիսուն հազարով ինձ օգնել է, որ ես հիվանդանոց գնամ։ Ուզում ենք ինքը Լուսինե Ավետյանը դուրս գա, ինքը լավ գյուղապետ է, ինչ հարցով դիմել ենք, ինքն օգնել է»,- ասում են նրանք։

Նշենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, որ ամուսիններին ցուցմունք տալու համար ոստիկանություն էր տարել ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը։


Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետիսյանը կալանավորվել է հուլիսի 8-ին։Ըստ մեղադրանքի՝ նա համայնքի չորս բնակիչների «Դրամական աջակցություն» անվան տակ փոխանցել է 100․000-220․000 դրամ և հարկադրել նրանց մասնակցել հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին։


Բացի այդ, Ավետյանը, ըստ մեղադրանքի, մեկ այլ բնակչի բանկային տարբերակով փոխանցել է 100․000 դրամ և հարկադրել նրան մասնակցել «Հայաստան» դաշինքի վերը նշված հանրահավաքին, իսկ հունիսի 21-ին կողմ քվեարկել դաշինքի օգտին։

Այսպիսով՝ նրան մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Տեսանյութ։
Դիտվել է 5518անգամ
Վերջին լուրեր