14 / Հուլիս / 2021 : 11-41

Ինձ դուր են գալիս այն ստեղծագործությունները,որոնք ընթերցողին մտածելու տեղ են թողնում. Դավիթ Սամվելյան

Ելակետ լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն է արձակագիր Դավիթ Սամվելյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը «Հայելապատում» գրքի, սիրո, հավատի և նվիրական երազանքի մասին։


-Գրող լինելը կենսակե՞րպ է, թե՞ մասնագիտություն:

-Ես կարծում եմ՝ շնորհ ու հոբբի: Վերջինը՝ հոբբին, մեր երկրի վիճակն ու մարդկանց տրամադրվածությունն է թելադրում, քանի որ միայն ստեղծագործելով նորմալ չես կարող ապրել:

-Կա՞ ստեղծագործելու հեշտ ժանր:
-Ինձ համար ոչ: Շատերը մտածում են, թե բանաստեղծություն կամ էսսե գրելն է հեշտ, բայց բացարձակ ոչ, եթե իհարկե բառին ու մտքին պատասխանատվությամբ ես մոտենում:

- «Հայելապատում»-ը Ձեր վեցերորդ գիրքն է: Ի՞նչ ընդհանրություն ունի մյուս գրքերի հետ:

-Կարելի է ասել՝ չունի: Նախորդները եղել են բանաստեղծական, էսսեների կամ պատմվածքների ժողովածուներ: Հավանաբար միայն կարելի է կառուցվածքային առումով նմանեցնել ‹‹Զգուշացեք, դռները չեն փակվում›› վիպակին, որը ‹‹պիլոտային›› ու test drive վիպակ էր՝ հրատարակված կորոնավիրուսային համավարակի ժամանակ:



-Ձեր դուր են գալիս բաց ավարտով վեպերը:

-Ինձ դուր են գալիս այն ստեղծագործությունները, որոնք ընթերցողին մտածելու տեղ են թողնում: Այդ էլ, սակայն, ենթադրում է, որ ընթերցողը պետք է որոշակի մտավոր ու ընթերցվածության պաշար ունենա: Շատերը բողոքում են, թե այսինչ կամ այնինչ գործը կարդացինք, բայց անավարտ էր: Բայց ոչ, որովհետև կիսատ բաները, երբեմն ավելի գեղեցիկ են, քան վերջացած…

- «Արտագաղթած կարոտ» գրքում այն միտքն եք արտահայտել, որ կորցնել կորցրածը հնարավոր չէ ,գտնելն էլ հնարավոր է միայն պատառիկներով: Ո՞ր կորստի համար եք ամենաշատն ափսոսում:

-Հենց Ձեր մեջբերած հատվածից էլ ենթադրվում է, որ ափսոսալն ապարդյուն է: Տվյալ պահին ցավ ես ապրում, բայց հետո ցավը բթանում է: Ամենացավալին, սակայն, այն կորուստներն են, որոնք քո պատճառով չեն, բայց ազդում են քեզ վրա թե որպես մարդ, թե ավելի լայն, ազգային ու պետական մակարդակով:
-Ի՞նչ « գույն» ունի կարոտը արտագաղթողների աչքերում:

-Մոխրագույն կամ սև: Մոխրագույն է նրանց մոտ, ովքեր ինքնակամ են արտագաթում, բայց երբեմն այդ կարոտը առկայծում է մտքում կամ սրտում: Սև, երբ ստիպված են լինում արտագաղթել ու գիտակցում են, որ վերադառնալ կամ հետ բերել չի լինի ոչինչ:

-Հիասթափությունից հետո այրո՞մ եք բոլոր կամուրջները:

-Ամեն դեպքում ոխ չեմ պահում կամ վրեժ լուծելու ծրագրեր չեմ կազմում: Մեզ մոտ հիասթափությունների արդյունքում բաժանումները շատ դեպքերում մարտական են լինում ու մոռացվում է, որ սեփական հիասթափության արդյունքում մարդը վատը չի դառնում, ուղղակի ինչ-որ պահի ինչ-որ բանում դու ես գերագնահատել կամ սեփական տեսանկյունից զգալու և ճանաչելու գործը ‹‹չարաշահել››:

-Ինչի՞ է նման սերը:

-Փողոցներում թափառող մի որբ երեխայի, որը որդեգրման կարիք ունի: Այն միշտ բարի է, անմեղ ու գորովանքի, խնամքի, հասունացնելու կարիք ունեցող:
-Դուք մասնագիտությամբ աստվածաբան եք: Անվերապահորեն հավատու՞մ եք աստծուն, թե ,այնուամենայնիվ, կարծում եք՝ մարդն է իր բախտի մշտագո տնօրենը:

-Իմ մասնագիտությունը աշխարհիկ մասնագիտություն է և կապ չունի հավատալ-չհավատալու հետ, իմ մասնագիտության տեր շատերը չեն հավատում՝ իրականում դժվար է շատ բան իմանալ ու շարունակել հավատալը: Մի բանի հաստատ չեմ հավատում. բախտին: Կա նախախնամություն: Մի անգամ, երբ դեռ ուսանող էի, մի մտերիմ ու բանիմաց քահանայի մոտեցա ու խոստովանեցի, որ սովորելուս ընթացքում Աստծո գոյության հարցում կասկածներ են ծագում ներսումս: Նա պատասխանեց, որ երբ օրերից մեկ օր ասեմ, որ այլևս չկասկածեմ, նա չի հավատա ինձ: Ամեն ապրած օր պետք է նպաստի կասկածիդ հերքմանն ու հավատիդ ամրապնդմանը…

-Ձեր գործերից մեկում գրել եք, որ պատմվածքների վերջաբանն ավարտ չէ: Իսկ ի՞նչն եք կյանքում ավարտված համարում:

-Ոչ մի բանը, կյանքը գեղեցիկ ու հետաքրքիր է հենց իր անկանխատեսելիությամբ: Անգամ մահը վերջը չէ…

- Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը:

-Ընդամենը այս հարցի մասին լռեմ: Մեծ-մեծ, բարձրագոչ բաներ կարող էի հիմա ասել, բայց լռեմ…

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 17287անգամ
Վերջին լուրեր