07 / Հուլիս / 2021 : 16-49

Փորձը ցույց է տալիս որ մեր երկրում կուսակցությունները փոխվում են երթևեկության լուսացույցի արագությամբ. Վարդան Մկրտչյան

Ելակետ լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն է ռեժիսոր, մեդիամասնագետ Վարդան Մկրտչյանը։


Ընտրական մշակույթում ի՞նչ ավանդույթներ մերժեցին և ի՞նչ նորություններ բերեցին վերջին
խորհրդարանական ընտրությունները։

-Հայաստանում ընտրական մշակույթ ասվածը շատ ճոխ է հնչում, որովհետև դեռ մեզ մոտ
կարծրատիպային մտածելակերպով են առաջնորդվում: Եթե հասարակության մեջ կան շերտեր, որոնք
բացեիաբաց պնդում են, որ «գումարը վերցնեմ ում ուզեմ կընտրեմ», «գնալու եմ ճղեմ գցեմ», «չեմ էլ
գնալու սկի»: Եվ եթե կան դեռևս հավականորդներ, ովքեր ուռկանով խայծեր են գծում՝ բաժանելով
ափսեներ, ջեմեր, մի երկու բահ ասվալտ, կամ վերջինիս խոստումը, ապա մենք գործ ունենք ոչ թե
ընտրական մշակույթի՝ այլևս գործ ունենք ընտրական ենթամշակույթի հետ:
Քանի դեռ մեզանում որևէ հարցի շուրջ բացառապես հայկական մոտեցումը չի իշխում, իշխում է
կիսասովետական, կիսաեվրոպական, կիսաամերիկյան և առահասարակ ամեն ինչում «կիսա»-ն՝
նույնիսկ գրագիտության հարցում ( այս վերջին տիպը՝ կիսագրագետը ամենասոսկալին է), դժվար է
պայծառ փոփոխություններ ակնկալել:

Մեծ հաշվով ոչ մի փոփոխություն չկա. Հայաստանում ով իշխանության է լինում, նա էլ հաղթում է:
Ցավալիորեն պետք է փաստենք, որ այս անգամ, ինչպես 20 և ավել տարի առաջ, հասարակությունն
ավելի հուսավառ գնաց ընտրության (մի մասն իհարկե լուծումը գտավ չգնալու մեջ)՝ այո, ինչքան
հուսավառ այնքան ավելի ուժգին խաբված:


Խոսեք բրենդի մասին. գույներ, սիմվոլներ, տառատեսակներ, կարգախոսներ և այլն։

- Ափսոս, կան կուսակցություններ որոնք ի հարկէ և անհարկի դարձան շատերի համար փրկության ելք այս
իրավիճակից կամ պարզապես սեփական շահերից ելնող մի կողմնորոշում, մեկ է, դա չի վկայում ինչ-որ
կուսակցության բրենդ դառնալը: Փորձը ցույց է տալիս որ մեր երկրում կուսակցությունները փոխվում են
երթևեկության լուսացույցի արագությամբ և ընտրության մասնակցող կուսակցությունների 90 տոկոսը լինում է
ժամանակավրեպ և «պարապ վախտի խաղալիք» կարգախոսով:

Ինչպես Ֆորդն է ասում. «ամենադժվար բանը սեփական ուղեղով մտածելն է», և հետևաբար ավելորդ ջանք գործի
չդնելու համար քարոզարշավի մասնակիցները ընտրեցին պարզունակ և երբեմն ուղղակիորեն արտերկրից գողացված
նախընտրական լեզու: Մեկը վերցրեց կանադական սեփականաշնորհված մի ոճ, մյուսն ընտրեց մարկետինգային զեխ,
աչք մաժող գույներ, մեկը Հայաստան անվանը ավելացրեց ևս մի գեղեցիկ բառ, դե իսկ մյուսն էլ տապակեց և
տապակվեց ևս մեկ անգամ ինչ-որ մեկին պատժելու խոստմամբ:

Եվ ինչպես վերևում նշեցի, սեփական երևակայական ռեսուրսներ չունենալու պատճառով նորից հանգեցին նախկին,
արդեն իսկ եղած սիմվոլներին: Խորհրդարան մտան մեկը մուրճով, մեկը աստղով, մեկն էլ մանգաղի պատրանքով, և
դեռ հարց է, թե որը պողպատյա դուրս կգա:
Հանդիպումների ժամանակ տեխնիկական ապահովվածության կարևորությունը և դրա մակարդակն այս
ընտրություններում։

- Եթե ունես գումար, հետևաբար ունես առաջին և ամենակարևոր նախադրյալը՝ հավուր պատշաճի քարոզարշավ
իրականացնելու համար: Ասել է թե՝ որոշ կուսակացությունների նման հեռախոսով չես մտնի «լայվ», ճարահատյալ

սեփական ֆեյսբուքյան էջով չես գովազդվի, այլ անձնական լրտվամիջոցով, հեռուսաալիքով և աջ ու ձախ փակցված
պաստառներով: Երկրորդն իրավիճակին համահունչ խոստում ունենալն է: Եղան մարդիկ, ովքեր հիմա գովազդվեցին
թեկուզ սև, վարդագույն, փիրուզյա երանգներով, բայց այնուամենայնիվ հաջորդ ընտրություններին
հասարակաությանն արդեն ծանոթ լինելու միտումով: Այս ընտրությունները տարբերվում էին նախորդ
ընտրություններից նրանով, որ բոլոր կողմերն ունեին չսպառվող մի զինամթերք՝ համացանց, որից ճիշտ օգտվելու
շնորհիվ կարող ես կլանել հարազատ և անծանոթ հասարակությունների: Այսինքն բուկլետային ոճը թեև սիմվոլիկ
դեռ պահպանվում է, բայց հետին՝ կուլիսային հատվածում: Եթե ժամանակին նախընտրական հոլովակի վրա
աշխատում էին ռեժիսորներ՝ ստանալու համար ֆիլմային կադրեր և ոչ պակաս ֆիլմային հերոս, ապա հիմա
ռեժիսորն ինքն է՝ թեկանածուն, որը մեկ հպումով միացնում է «լայվը»:


Քաղաքական գործիչների իմիջն այս ընտրություններում։


- Այս ընտրությունները դրամատիկ էին թերևս մի քանի սյուժետային նոր հավելումներով, օրինակ՝ մասնակցում էին ՀՀ
անկախացումից հետո եղած բոլոր ղեկավարները՝ իրենց հին, բայց և թարմացված ստատուսներով: Կարևորագույն
նյուանս. բոլորի ելույթներում և խոստումներում կար չնչին, բայց հստակ պոպուլիստական միտումնավոր վարքագիծ:
Դա չի նշանակում, որ ձգտում են ուղիղ պոպուլիզմի, ընդհակառակը՝ պարզապես ժամանակն է պարտադրում դիմել
նման սեթևեթանքի ( օգտատիրոջ էջից ուղիղ միացումներ, երբեմն «ռուպռային» հռետորաբանություն, ճառերի մեջ
անմիջականություն, թատերական պարզ, ընկալելի բեմականացում՝ թեկնածուի մասնակցությամբ և «ժողովուրդ»
բառի անսահման կիրառում): Ժամանակը պարտադրում է, երբեմն հրաժարվել կոստյումից և ամբոխին խառնվել
առանց փողկապի՝ պոպուլիստական անմիջականությամբ:
Դիտվել է 10445անգամ
Վերջին լուրեր